Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը նշանավորվեց Հանրապետության հրապարակում կազմակերպված՝ «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառմամբ։ Մեկ րոպե լռությամբ նախ հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի ու նրա անկախության համար կյանքը տված նահատակների հիշատակին։
Անկախության օրվան նվիրված ուղերձը վարչապետը Թումանյանի տողերով սկսեց, որոնք, ըստ նրա, թերևս, ճշգրիտ արտահայտում են Հայաստանի այժմյան հանգրվանը։ Անկախ պետության 30-ամյա պատմության ընթացքում եղել են հաջողություններ ու անհաջողություններ, հաղթանակներ ու պարտություններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում և հուսահատություն, պատերազմներ, հաղթանակ ու պարտություն՝ նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա, և թերևս հենց այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը: Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս բանաձևումն է թերևս ամենամեծ խնդիրը՝ ձևակերպել կյանքի ու ապագայի ուղենիշը: Ընդգծեց՝ պարտությունը պետք է փոխակերպվի հաղթանակի։
Նիկոլ Փաշինյան - Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը:
Նահատակներն ընկան, որ ապրեն Հայաստանն ու Արցախը։ Եվ քանի ապրում են հայկական երկու պետությունները, նրանք կենդանի են: Իսկ երբ զարգանում են Հայաստանն ու Արցախը, նրանց զոհողությունները հասել են նպատակին,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Եվ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի և ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:
Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Կյանքի պուրակ՝ հավերժացնելու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը. այն կխորհրդանշի նրանց ներկայությունը։ Պուրակում կենաց ծառը կխորհրդանշի հայրենիքին տված նրանց կյանքը:
Նիկոլ Փաշինյան - Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ, ահա, այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:
Ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի պատմության նոր, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:
Նիկոլ Փաշինյան - Ապրի՛ր Հայաստան, և բարձրացիր, ապրի՛ր Արցախ, և բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես, որոնք ընկան, որ դու ելնես։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը:
Անկախության 30-ամյակի միջոցառումն ուղեկցվեց հայրենիքին նվիրված, հայրենասիրությանը միտված, ազգային մոտիվներով և սիմֆոնիկ երաժշտությամբ։ Թռչող սարքերի, լուսային պատկերների միջոցով մայրաքաղաք Երևանի գիշերային երկինքը լցվեց Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ինքնության, պայքարի խորհրդանիշներով։