Սեպտեմբերի 21-ին ԳԴՀ-ում՝ ՀՀ դեսպանությունում, հյուրընկալվել են Գերմանիայում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներ Գյունթեր Պիլարսկին (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս), Միխայել Շմիդթը (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս), դր. Քրիստինե Զասսեն (Բավարիա երկրամաս), Հայկո Հեխթը (Համբուրգ երկրամաս), Աքսել Պլասը (Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս) և պրոֆ. դր. Լուկաս Ֆլյոթերը (Սաքսոնիա երկրամաս):
Ողջունելով ներկաներին՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը բարձր է գնահատել առ այսօր ՀՀ պատվավոր հյուպատոսների գործունեությունը՝ ուղղված Հայաստան-Գերմանիա կապերի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացված տարբեր մշակութային և հումանիտար ծրագրերը: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի պահպանվել նման բարձր և արդյունավետ մակարդակի վրա:
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձրագույն՝ Առաջին աստիճանի պատվո մեդալով, իսկ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Երկրորդ աստիճանի պատվո մեդալով: