Այսպես արդեն մեկ ամսից ավելի է՝ 28-ամյա Հայկի աշխատանքային օրը Բրյուսելի փոխարեն Երևանում է սկսվում: Հստա՛կ է որոշել՝ բիզնես ինժեներիայի իր կարիերան ու կյանքը շարունակվելու է Հայաստանում:
Հայկ Արսլանյան (Sparkers ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Ես Արևմտյան Հայաստանի հայ եմ, բայց Արևմտյան Հայաստանը շատ կարոտցեր եմ, բայց երբեք չեմ տեսած: Հիմա բացատրել օտարին, որ երկիրը կարոտցեր ես, որ երբեք չես տեսած՝ դժվար է, ուրեմն Հայաստանը բավական կարոտցեր էի: Բայց ինձի համար Հայաստան հաճախ գուքամ:
4 տարի առաջ էր վերջին անգամ Երևանում եղել: Հիմա շատ բան է փոխվել, ասում է՝ անգամ պատերազմից ու համավարակից հետո բիզնեսի համար լավ պայմաններ կան: Լիբանանից Բելգիա հասած ընտանիքն էլ պատերազմի օրերին մեր երկրին օգնել է, մտածեց՝ հերթն իրենն է: Իր ընկերությանը, որ մասնաճյուղեր ունի Ավստրալիայում, Լոս Անջելեսում, Իսպանիայում, նաև աշխատակիցներ Ֆրանսիայում ու Ռուսաստանում, առաջարկեց տվյալագետների թիմ հավաքել նաև Հայաստանում:
Ընդամենը մեկ նամակով բելգիական տեխնոլոգիական ընկերությունից հետաքրքրվեցին մեր երկրով, խնդրեցին պատմել Հայաստանի մասին: Հայկը պատմում է՝ 25 էջում մանրամասն պատմել է մեր երկրի հնարավորությունների մասին:
Հայկ Արսլանյան - Իրենց բացատրեցի, որ ինժեներությունը Սովետական Միությունում Հայաստանում էր, հիմա էլ, օրինակ, որ կենտրոնով քայլենք, ամեն տեղ արձանները, օրինակ, Բելգիայում եթե արքաներ են, այստեղ գրողներն են, ուրեմն բացատրեցի իրանց, որ մենք աշխատասեր ենք, և մեր մշակույթի մասը կկազմեն, հետո, որ տարբեր լեզուներ կխոսեն, Ֆղանկոֆոնիի մաս կկազմենք: Իրավաբանների հետ խոսեցի, որ ասածիս փրաքթիքալ մասն էլ գրեի:
Թիմը մեծացնում են: Ոչ միայն տեխնոմասնագետների կարիք ունեն, երազանքների Հայաստանը կառուցելու համար. ասում է Հայկը: Հայաստան հայրենադարձվելու և ապրելու միտքն էլ անկեղծանում է՝ եկավ կարոտից... հայերեն կարոտից...
Հայկ Արսլանյան - Ֆրանսերենով կամ անգլերենով «կարոտ» բառը չունին, իսկ հայերենում ամենակարևոր բառերեն է կարոտը, ուրեմն հայը, որ երկար երկրից դուրս կմնա, կկարոտնա երկիրը: