ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկեցին օրակարգում ներառել նաև այլ հարցեր:
«Օրակարգային մասում պետք է փոփոխություն լինի, հակառակ դեպքում այս անվերջ թվացող քննարկումները ոչ մի տեղ չտանող են և որևէ ձևով չեն տեղավորվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ առավել ևս հասարակության հետաքրքրության շրջանակում»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Պրոբլեմը միայն իշխանության քվեարկության մեջ չէ, նաև ընդդիմությունը կարող էր այս խնդրի լուծման քայլն անել, և անընդհատ ոչ թե նույն թեկնածուին առաջադրեր, այլ կարող էր թեկնածուի փոփոխության խնդիր քննարկվել ձեզ մոտ, և ներկայացնեիք, բայց ձեր իրավունքն է: Մենք ունենք ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ. եթե տեղակալի ընտրությունը մեզ չի հաջողվում, 5 օրվա ընթացքում պարտավոր ենք այդ խնդրին կրկին անդրադառնալ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նիստի մեկնարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը:
«Արդեն 4-րդ անգամ է՝ այս օրակարգը բերվում է հանձնաժողով, և դա իշխանության պարտավորության տիրույթում է գտնվում: Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը: Ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, որևէ նոր բան ասելու չունեմ»,- ասաց Ղազինյանը:
Ղազինյանի օրինակին հետևեցին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, որ քաղաքական բոյկոտ է հայտարարում:
«Քանի կբերվի պարոն Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Պողոսյանը:
Այս անգամ ևս իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները քվերակությանը չմասնակցեցին:
«Պարոն Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կարծում եմ, որ 5-օրյա ժամկետում հանձնաժողովը նորից արտահերթ նիստ կանի՝ չմոռանալով նաև մեր օրակարգի այլ խնդիրներ, որոնք կապված են մեր անվտանգային միջավայրի, դրա հետ կապված խնդիրների և խորհրդարանական վերահսկողական գործիքակազմը ճիշտ օգտագործելու հետ:
Դուք գիտեք, որ մենք աշխատանքային այց ենք նախատեսում Սյունիք, մենք նաև ծրագիր ունենք մշակած Իսրայելում մեր հոգևոր կենտրոնի՝ Երուսաղեմի մեր պատրիարքարանի հետ 44-օրյա պատերազմի վիրավորված անձնակազմին էնտեղ հոգեբանական աջակցություն տրամադրելու հետ կապված, հանձնաժողովի անդամները ներգրավված են այդ ծրագրերի մեջ»,- ասաց Քոչարյանը: