Նոր ուսումնական տավա սկզբից դեռ մեկ ամիս էլ չի անցել, բայց հանրապետության դպրոցներից ավելի քան 10-ն այդ ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ անցել են հեռավար ուսուցման:
Երևանի համար 170 ավագ դպրոցում սեպտեմբերի հենց առաջին օրերից նորեկ տասներորդցիների հետ դեռ կարգին ծանոթանալ չհասցրած՝ ստիպված են եղել հրաժարվել առկա ուսուցումից, որովհետև մանկավարժական ու վարչական աշխատողների 10 տոկոսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել: Դպրոցի դռները կրկին բացվել են 14 օր անց՝ սեպտեմբերի 17-ին: Թեպետ դեռ ոչ բոլորն են ապաքինվել ու վերադարձել աշխատանքի, այստեղ վստահեցնում են, որ ամեն ինչ է արվում՝ դասապրոցեսի բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղեկություն է ստացվել գերատեսչական ու մարզային ենթակայությամբ ևս երեք դպրոցում հեռավար ուսուցման անցնելու մասին:
Շիրակի մարզի Արևիկ համայնքի միջնակարգ դպրոցում նույնպես հեռավար կրթություն է իրականացվում: Խոսքը միայն երկու դասարանի մասին է: Ինչ վերաբերում է Երևանի համայնքային դպրոցներին, ապա կորոնավարակն իր պայմաններն է թելադրել հանրակրթական գրեթե 10 հաստատությունում:
Հանրակրթական հաստատություններում վարակի տարածումը դեռ խիստ մտահոգիչ չի համարվում: Մասնագետները նշում են, որ իրավիճակը վերահսկելի է: Այդուհանդերձ, դեպքերի քանակի աճ նկատվում է, և ոլորտի պատասխանատուներին պարտադրում գնալ իրավիճակային լուծումների: Դպրոցները հեռավար կրթության անցնում են հիմնականում սովորողների կորոնավիրուսային հիվանդության պատճառով:
Կրթական գերատեսչությունում ընդգծում են, որ ինչքան էլ վերջին տարիներին լուրջ աշխատանք է իրականացվել հեռավար կրթություն ապահովելու համար, առկա ուսուցումը շարունակում է մնալ ամենանախընտրելի տարբերակը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան