ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
«Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը՝ ընդգծել ենք, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:
Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որն անցնող տարվա ընթացքում զգալի աճ է գրանցել:
Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին:
Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ ընդգծել եմ, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:
Առանձին անդրադարձ կատարելով Հնդկաստանից Սև ծով բեռնափոխադրումների հարցին՝ երկուստեք շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:
Քննարկել ենք նաև երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր»,- հայտնել է Արմեն Գրիգորյանը: