Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը օրերս է վերադարձել Բելառուսից, որտեղ մասնակցում էր Բրեստի «Բելայա Վեժա» 25-րդ թատերական միջազգային փառատոնին: Ռուսական թատրոնը փառատոնին մասնակցել է Հովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ՝ Գոռ Մարգարյանի բեմադրությամբ: Երևանյան թատրոնին Բրեստում ոչ միայն ջերմ ընդունելության են արժանացրել, այլև փառատոնի ժյուրին «Գարդենիայի» արտիստական թիմին է հանձնել «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակը:
«Գարդենիան», որ մեկ ընտանիքի 4 տարբեր սերունդների հավաքական պատմություն է, ոչ միայն արտիստական ամբողջ ներուժը բացահայտելու, այլև թիմային աշխատանքի, համախոհության հրաշալի քննություն է: Չորս կանանց խեղված ճակատագրերի պատմություն, որ բեմադրող ռեժիսորը մարդու էության խորքային բացահայտումների առիթ է դարձրել:
Այն իրողությունը, որ «Գարդենիան» մրցանակի է արժանացել հատկապես թիմային աշխատանքի համար, դերասանուհիները բնավ պատահական չեն համարում. ներկայացման ստեղծման ամբողջ ընթացքում աշխատել են կատարյալ փոխըմբռնման ու ստեղծագործական ներդաշնակության պայմաններում:
Ընտանեկան դրամայի առանցքում 4 տարբեր տարիքի կանանց՝ ընտանեկան մետամորֆոզների համապատկերում իրենց ինքնության տենդագին փնտրտուքն է, որ որքան էլ ծանր ու դրամատիկ է, բայց ի վերջո հանգում է լուսավոր վերջաբանի:
Իսկ նոր՝ 84-րդ թատերաշրջանում թատրոնի փառատոնային օրակարգը սպառված չէ. առաջիկայում կմասնակցեն Սարանսկի, ապա նաև Պետերբուրգի «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային թատերական փառատոներին: