Իսպանական Պալմա կղզում ակտիվացած Կումբրե Վյեխա հրաբուխը շարունակում է ժայթքել, լավան անդադար շարժվում է դեպի ծով՝ ոչնչացնելով իր ճանապարհին եղած ամեն ինչ: Փորձագետների կարծիքով՝ լավայի հոսքի արագությունը դանդաղել է՝ ժամում 700-ից հասնելով 120 մետրի՝ հայտնում է Euronews-ը:
Վերջին բնակավայրը, որը լավան մասամբ կլանել էր, Թոդոկե փոքր քաղաքն է, որի բնակիչներին՝ մոտ վեց հազար մարդու, նախօրոք տարհանել էին: Ըստ վերջին տեղեկությունների՝ բնական աղետը ոչնչացրել է ավելի քան 180 տուն: Առայժմ տուժածներ չկան:
Պալմա կղզու իշխանության գնահատմամբ՝ հրաբխի ժայթքման վնասը կգերազանցի 400 մլն եվրոն: Փորձագետները զգուշացնում են, որ երբ լավան ծով հասնի, կարող են տեղի ունենալ պայթյուններ և թունավոր գազերի արտանետում: