Ազգային կինոկենտրոնը կինոսերներին է ներկայացնում հայկական գեղարվեստական ֆիլմերի՝ 90-ականների սկզբին թողարկված 5 պաստառի և կինոազդագրերից վերատպված սթիքերների բացառիկ հավաքածու։ Նախաձեռնությունն ուղղված է կինոժառանգության պահպանման խնդրին։
Վիգեն Գալստյան (Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար) - Ցավոք, քանի որ այս նմուշները հայտնաբերվել էին, բառի բուն իմաստով, շինաղբի միջից, դրանք շատ վատ վիճակում էին, և հրատապ վերականգնելու կարիք կար։ Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ դրանք վերականգնել և ներկայացնել այստեղ։ Այս միջոցառումը Ազգային կինոկենտրոնի առաջին համագործակցությունն է «Էպիգրաֆ» գրախանութի հետ:
Ցուցահանդեսում ներկայացվել են Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի, «Սպիտակ անուրջներ», «Շնչառություն», «Սպիտակ ոսկոր» ֆիլմերի օրացույց-պաստառները։ Հեղինակների խոսքով՝ նախաձեռնությունը 2006 թվականին մեկնարկած «Հայկական կինոպաստառ» խորագրով ցուցահանդեսի շարունակությունն է։
Կինոսերները կարող են նաև ձեռք բերել հին հայկական ֆիլմերի պաստառների սթիքերներ՝ «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Բարև, ես եմ», «Կտոր մը երկինք», «Երջանկության մեխանիկա» ու ևս 15 հիթային ու արդեն հարազատ դարձած կինոնմուշներ։
Ցուցահանդեսի այցելուները համոզված են՝ նման միջոցառումները կարևոր են հարուստ հայկական կինոժառանգությունը վերարժևորելու իմաստով։
Նազիկ Արմենակյան (վավերագրող-լուսանկարիչ) - Մենք տեսնում ենք, թե ինչ մոտեցում է եղել կինոյին, ինչպիսի ճաշակով է այդ ամենն արվել։ Ու նաև կարևոր է նոր սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնելու կամ կինոսիրողի մեջ հայկական կինոն ու արխիվը ուսումնասիրելու տեսանկյունից։
Պաստառները երկարաժամկետ ցուցադրության չեն ներկայացվում պահման ոչ բավարար պայմանների պատճառով: Սակայն Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը շարունակելու է կինոպաստառներին նվիրված միջոցառումները նաև 2023 թվականին, իսկ սթիքերներն արդեն սպասում են կինոսերներին «Էպիգրաֆ» գրախանութի մասնաճյուղերում։