Արձակուրդից պատերազմ շտապած փոխգնդապետ Սամվել Սահակյանի վարժանքների վերջին տեսանյութն է, որ հայրը պահում է որդու զոհվելուց հետո: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ժամանակ արիության, անմնացորդ նվիրումի շնորհակալությունն էլ՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ նախագահական նստավայրից կտանի թոռնիկներին:
Սուրեն Սահակյան (փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը) - Սամվելը 1.88 հասակով տղա էր, հանել ա իրա բրոնեժիլետը, հագցրել իրա զինվորին: Սաղավարտը հանել դրել զինվորի գլխին:
Արմեն Սարգսյանը խնդրում է նախ մեկ րոպե լռությամբ հարգել կյանքը հայրենիքին նվիրած ու 30-ամյա անկախությունը կերտած անմահ զինվորների հիշատակը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Անկախությունը ձեռք է բերվել մեր հավաքական ջանքերի շնորհիվ: Բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ, որովհետև տիրապետող է եղել ազատ և անկախ հայրենիք ունենալու մեծ գաղափարը: Անկախ Հայաստանը 30 տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է փորձության տարի:
Շարքայինից գնդապետ ու բուժքույր, վաստակավոր արտիստից մինչև շինարար. շքանշաններ ու պարգևներ ստացան նաև սփյուռքի հետ կապը պահող մեր հայրենակիցները: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեցին նաև գիտություն-կրթությունից մինչև տնտեսության ոլորտում ավանդ ունեցողները:
Պատերազմից մեկ տարի անց էլ զոհերից ու վիրավորներից բացի գերիներ ու սահմանային բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց 30 տարում սովորել ենք նաև հաղթել, շեշտում է նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյան - Սակայն այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը: Դուք հենց այդ մարդիկ եք, որ կարողացել եք ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին, ստեղծել ու ստեղծագործել, աշխատել և ծառայել, պաշտպանել սահմանները, պաշտպանել մեր ազգային ինքնությունը և արժեքները՝ միաժամանակ, կրել այդ արժեքները։ Իսկ ամենամեծ արժեքը պետականությունն է: Մենք երբեք չպե՛տք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին։
Նախագահը վստահ է՝ պետական մտածողությունն ու ազգային համաձայնությունն են մեր հաջորդ հաղթանակի բանալին: Ապագա հաղթանակների համար էլ փոխգնդապետ Բուռնուսուզյանի այրին այսօր ասում է՝ գիտակցաբար է ընտրել զինվորականի կին լինելու բարդ ուղին ու իր կոչումը պատվով է տանում:
Նարինե Ժամկոչյան (փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանի այրին) - Այս պարգևին, կարծում եմ՝ արժանի են բոլոր զոհված զինվորները, որովհետև նրանք պայքարել են, որ կարողանանք ապրել:
Ապրելու խոստումով էլ երեխաներին կպատմի անկախությունը կերտող հոր ու մյուս հերոսների մասին՝ հետմահու պարգևատրված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով ու կրծքին միշտ ամուսնու պատկերով: