ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել:
«Սիրելի΄ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը:
Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել է աշխարհաքաղաքական շահեր հետապնդող բազում մարտահրավերներով, ձեռքբերումներով, նվաճումներով և, ցավոք, անդառնալի կորուստներով:
Գլուխ ենք խոնարհում անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի առջև: Նրանց անունները մեկ առ մեկ կդաջվեն ոչ միայն քարե արձանագրություններում, այլև յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում:
Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները:
Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախությունը, ամենքս մեր ուժերի ներածին չափով նպաստենք անկախ երկրի պաշտպանության, հզորացման ու բարգավաճման գործընթացին:
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։ Հարատև խաղաղություն, առաջընթաց և հաստատակամություն հայ ժողովրդին»,- ասված է ուղերձում: