Հակառակորդի դիրքերի հայտնաբերում ու հետախուզում՝ սա հատուկջոկատայինների առաջին գործողությունն է: Զորավարժություն, բայց մարտական կրակով: Հանրապետության գրեթե բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները տարբեր տեղանքներում նախապես կազմված սցենարով հստակ գործողություններ են իրականացնում:
Հետախույզներն աշխատանքն ավարտում են, սկսվում է գրոհը: Ինտենսիվ և դիպուկ կրակ, անսպասելի ու արագ հարձակում, դիրքը և հատուկ պահպանվող օբյեկտը պետք է նախ գրավել, ապա ոչնչացնել:
Հատուկջոկատայիններից առաջին առաջադրանքի կատարումը շատ ժամանակ ու ռեսուրս չի տանում, պայմանական թշնամին կորցրել է մեծաքանակ կենդանի ուժ, դիրքը մեր տղաների ձեռքում է: Հաջորդում է թշնամական օբյեկտի պայթեցումը:
Նույն ժամանակ դարանակալած հետախույզներն էլ սպասում են թշնամական ավտոշարասյանը, մեքենայում, ըստ սցենարի, կարևոր փաստաթղթեր են: Մի քանի րոպե և մեքենան պայթեցվել է, թշնամին ոչնչացվել, կարևոր փաստաթուղթն էլ հատուկջոկատայինների ձեռքում է:
Առաջադրանքը կատարված է բարձր մակարդակով, հրամանատարությունը գոհ է: Առջևում հաջորդ՝ ավելի բարդ սցենարով վարժանքներն են: