Դինքի մրցանակը Թուրքիայում շնորհվեց փաստաբան և իրավապաշտպան Ջանան Արընին: Նա դեռ 80-ականներին սկսել է իրավական խորհրդատվություններ տալ կանանց ամուսնալուծությունների հարցում, 1990-ին կանանց դեմ բռնության դեմ պայքարելու, աջակցության և համերաշխության նպատակով ստեղծված կանանց ապաստարանի հիմնադիրներից մեկ է։
Ջանանի դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել՝ Մուհամմեդ մարգարեին, նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Արընը կանանց իրավունքների ոլորտում պայքարի իր ուղին է պատմում։
Ջանան Արըն (փաստաբան, իրավապաշտպան) - Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, որը կանանց և տղամարդկանց հավասարության պատրանքի մեջ էր։ Սահմանադրության համաձայն էլ կանայք և տղամարդիկ օրենքի առաջ հավասար են։ Հետո՝ իրազեկվածության բարձրացման հանդիպումների շնորհիվ հասկացա, որ ամենևին հավասար իրավունքներ չենք ունեցել, հավասար չենք։
Ապաստարանը 1990 թ.-ից ի վեր գործող թեժ գծի շնորհիվ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում կանանց, ինչպես նաև կարողանում է ապաստարանով բավարարել ընտանեկան բռնության ենթարկված մոտ 20 կանանց և երեխաների։ Ապաստարանի հիմնադրման գործընթացը շատ դյուրին չի եղել, իսկ գործող պետական ապաստարանները կանանց ազատությունները սահմանափակում են և լի են մի շարք խնդիրներով։
Ջանան Արըն - Մեր ջանքերի արդյունքում իշխանություններն էլ կանանց ապաստարաններ հիմնելու որոշում կայացրեցին։ Սակայն այնտեղ կանանց բանտային վերաբերմունք է ցուցաբերվում. հեռախոսներ չեն թույլատրվում, դուրս գալն արգելված է, 12 տարեկանից մեծ տղա երեխաներին չեն ընդունում։ Իսկ ի՞նչ պետք է անի կինը 12 տարեկանից մեծ երեխային։ Օրենքի հոդվածներից մեկով՝ նահանգապետարանները պարտավոր են նման դեպքերում կանանց տուն և դրամական օգնություն տրամադրել։ Սակայն եթե կանայք համառ չեն լինում, նահանգապետարանները լուռ ու մունջ նստում են։
Իրավապաշտպան Արընը մտահոգված է, որ մեծ դժվարությամբ պաշտպանվող կանանց իրավունքները թուրքական իշխանությունների քաղաքականության բերումով մեծ վտանգի տակ են։
Ջանան Արընն ասաց, որ Հրանտ Դինքի անվան մրցանակի համար պարտական է օրեցօր հզորացող և զարգացող կանանց շարժմանը։
Ջանան Արըն - Շատ զարմացա, ուրախացա և հպարտ զգացի։ Փշաքաղվում եմ։ Հրանտ Դինքը, իրապես, հրաշալի անձնավորություն, լավ լրագրող էր։ Սարսափելի է, որ քաղաքական սպանությունների մեղավորները չեն բացահայտվում։ Պետք է արժանին մատուցել Ռաքել Դինքին։ Չնայած ամեն ինչին, որպես մոխրից հառնող փյունիկ, նա կարողացավ նման հրաշալի հիմնադրամ ստեղծել և կատարված կարևոր գործը ճանաչելի դարձնել միջազգային ասպարեզում։
Միջազգային ասպարեզում Դինքի մրցանակն այս տարի շնորհվեց ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռոզային: Նա 2012 թ. երեք այլ կին լրագրողների հետ հիմնել է Ֆիլիպինների ամենամեծ լրատվական կայքը։ Ռոզան Ֆիլիպիններում մի շարք իրավախախտումների բացահայտման պատճառով ենթարկվել է ճնշումների և բազմիցս բերման ենթարկվել։ Նրա դեմ տասնյակ դատական գործեր են հարուցվել, որոնք դեռ ընթացքի մեջ են: