Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.
«Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այսօր լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Այս երեք տասնամյակներն ազգային հանգրվանների, բարդ շրջադարձերի և պատմական դասերի տարիներ էին, որոնց հետևողությունների հիման վրա պետք է կառուցվի մեր հայրենիքի ապագան: Եվ այդ ապագայի կառուցման գործում մեզնից յուրաքանչյուրն ունի իր դերը:
Անցած մեկ տարվա ընթացքում մեր ազգային իղձերի և հավաքական մտածողության մեջ շատ բան փոխվեց: Եվս մեկ անգամ վերահաստատվեց այն փաստը, որ Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը: Հայաստանի բարեփոխման մեջ անելիք ունենք բոլորս, քանի որ անցյալի ճիշտ վերլուծությունից և միահամուռ կամքից է կախված պատմական հայրենիքի այսօրն ու վաղը:
Հայկական սփյուռքն ահռելի ներդրում ունի անկախության այս 30 տարիների կայացման գործում: Դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ սփյուռքը չունի իր ներդրումը կամ ազդեցությունը: Մեր անկախության հաջորդ տարիները պիտի խարսխվեն նախևառաջ սփյուռքի մտավոր և գիտական ներուժի լիարժեք ներգրավման վրա: Սա պետք է լինի մեր օրակարգի առաջնային հարցը:
Եվ վերջում, սիրելի՛ հայրենակիցներ, անկախ Հայաստանը ձեզ սպասում է այստեղ՝ իր ներկայի մեջ: Եկե՛ք հայրենիք, տեղում փոխեք ու կերտեք ձեր երազած Հայաստանը: Հայրենադարձվեք ու այդպես հզորացրեք մեր պետությունը:
Անկախության օրվա խորհուրդն այս տարի մեկն է. անցած 30 տարիները մեզ պարտավորեցնում են ավելի շատ ապրել հայրենիքով, արժանանալ մեր հերոս հայորդիների սխրանքին և զարգանալ, լինել գիտելիքահեն, ունենալ հզոր պետականություն և լիարժեք ներգրավված սփյուռք: Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»: