Հայաստանի անկախության տոնի առթիվ աշխարհի տարբեր երկրներից շարունակում են շնորհավորանքներ հնչել: Աշխարհի առաջնորդների ու քաղաքական գործիչների ուղերձներում կարմիր գծի պես անցնում են Արցախի հակամարտության թեման և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
Ռուսաստանի նախագահը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Այսօր Հայաստանն ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը:
*****
Դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով՝ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Ռուսաստանի վարչապետը: Միխայիլ Միշուստինը շեշտել է, որ ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը: Միշուստինը համոզմունք է հայտնել, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
*****
«Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»,- ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից մի հատված է: Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենը նշել է, որ երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում: Բայդենը պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս` օգնելով ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման ջանքերին։ Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում անդրադարձել է նաև վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդին հանդիպած մարտահրավերներին:
Ջո բայդեն, ԱՄՆ նախագահ - Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում։
*****
Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում»:
Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
*****
Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահը: Սերջիո Մատարելլայի խոսքով՝ Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար:
*****
«Անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղով և զարգացել քանակական և որակական առումներով». վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Իրանի նախագահը:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսի, Իրանի նախագահ - Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն: Կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ, երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:
*****
«Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը». վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկի և Երևանի միջև երկարատև արդյունավետ համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքն ու ձգտումը՝ խորացնելու ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները:
*****
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը: Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասվում է. «Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը»:
*****
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը: Սի Ծինփինը Բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
*****
«Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Չինաստանի վարչապետը: Լի Քեցյանի խոսքով՝ Չինաստանի և Հայաստանի միջև ամրապնդվում է քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է համագործակցությունը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում:
*****
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը: Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը: Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
*****
Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: