Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից: Եռաբլուր այցելեցին վարչապետը, Հայաստանի և Արցախի նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարները: Հայաստանի և Արցախի համար զոհված հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին:
Լրագրողներն առաջին դեմքերին մոտենալու հնարավորություն չունեցան, քանի որ, ըստ արարողակարգի, լրագրողների համար հատված էր առանձնացված՝ տեղաշարժվելու սահմանափակումներով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների բողոքներին ի պատասխան նշեց.
Վլադիմիր Վարդանյան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Այսօր այստեղ զուսպ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ազատության և անկախության համար զոհված անձանց ու նրանց ընտանիքներին:
Կառավարության ծրագրում ներառված է խաղաղության օրակարգը, որը կարևոր հրապարակում է ի լուր աշխարհի՝ Եռաբլուրում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը:
Գուրգեն Արսենյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Խաղաղության հարցի քննարկման մեր օպոնենտները մեր հարևաններն են, որոնց հետ մենք ունենք լարված հարաբերություն, թշնամական հարաբերություն կամ չունենք: Քաղաքական օրակարգի սպասարկման և անվտանգության միջավայրն ավելի կայուն դարձնելու համար պետք է խնդիրը քննարկել այն սուբյեկտների հետ, ումից վտանգը կա: Խաղաղության օրակարգի քննարկումը չենք անցկացնելու Եթովպիայի կամ Հարավային Կորեայի հետ, այլ մեր հարևանների:
Այսօր ինքիշխանության ու անկախության մասին խոսելը դժվար է, բայց պետք է նորից փորձենք վերականգվել. «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանի դիտարկումն է:
Սեյրան Օհանյան, «Հայաստան» խմբակցության քարտուղար - Մեծ ցավ ենք ապրում, պատերազմում կրած պարտությունից հետո այսօր վերականգնվել, խոսել ինքնիշխան պետության, անկախության մասին՝ շատ դժվար է: Ոչ միայն պատերազմում կրած պարտությունից հետո, այլև հետո անհաջողությունների այդ շարանը շարունակական է դառնում՝ նաև ՀՀ սահմանին:
Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը չենք կորցրել՝ Անկախության 30-ամյակին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Բազմիցս ապացուցել ենք, որ ամենածանր պահերին կարող ենք մոբիլիզացվել, հասկանալ, որ դանակը հասել է ոսկորին և անհրաժեշտ է միաբանություն:
Անկախությունն արժեք է, որ բոլոր ազգերն են երազել ունենալ: Այդ մասին էլ նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ կոչ անելով համախմբվել:
Սասուն Միքայելյան, ԵԿՄ նախագահ - Եկեք չխառնենք Անկախությունն այլ բանի հետ, սա մի արժեք է, որը բոլոր ազգերն են երազել: Պատմականորեն երբ համախմբված ենք եղել, հաղթանակներ ենք տարել: Պետք չէ հուսահատվել ու բացիթողի վիճակում թողնել երկիրը: Շատ լուրջ ժամանակներ ենք ապրում, հավատի կորուստը մի զենք է, որը շատ վտանգավոր է, երբ կորցնում ես:
Հիմա Երկրապահների կառույցը համալրում են երիտասարդներով, որ ցանկացած պահի բանակի կողքին կանգնեն՝ շեշտում Միքայելյանը, ավելացնում՝ վերջին 2 ամիսներին իրենք սահմանին չեն հերթապահում: Բանակը նոր ուժերով է համալրվել:
Սասուն Միքայելյան - Մենք մեր Անկախությունը պետք է նշենք: Այս տղերքը, որ զոհվել են, Անկախության համար են զոհվել: Ի փառս այս տղերքի պետք է նշել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան