Դիմերեսին՝ հավերժության սիմվոլի կենտրոնում, Հայաստանի զինանշանն է, դարձերեսին՝ եռագույնը․ այսպիսի տեսք ունի Անկախության 30-ամյակի հուշադրամը։ Արծաթից է։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում, ընդամենը՝ 300 օրինակ, այնպես որ, հնարավոր է միայն հոբելյանական նվեր լինի։ Նույնիսկ անվանական արժեքից մի քանի անգամ թանկ, վաճառքի չհայտնվի էլ։ Առաջին նմուշներից մեկը օրերս Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն հասավ․ այնտեղ, ուր ցուցադրված են Հայաստան պետության բոլոր ժամանակների թողարկած փողերը։
Զարուհի Բարսեղյան (ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար) - Առաջին մեր պետության դրամները վերաբերում են Ք․ա. 3-րդ դարին և հատվել են Երվանդունիների ժամակահատվածում:
Թանգարան եկողները Ծոփքի ու Կոմմագենեի մետաղադրամների կողքին կարող են տեսնել նաև հայատառ գրառումով մեր առաջին փողը։ Այն հատել է Բագրատունիների տոհմից Կյուրիկե Բ արքան։
Զարուհի Բարսեղյան (ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնի ղեկավար) - Գրերի գյուտից 6 դար անց մենք ունեցանք դրամ, որի վրա գրառում եղավ հայատառ՝ «Տեր օգնիր Կյուրիկե Բ թագավորին»:
Պատմական Հայաստանի ամենաշատ փողերը, պարզվում է, հատել է Արտաշեսյանների տոհմը․ Տիգրան Մեծն իր արծաթե փողը հունարեն դրախմա է կոչել, որ առևտրի միջոցով աշխարհն իմանա իր ստեղծած հզոր կայսրության մասին։ Ազգային խորհրդանիշ Մասիսն ու Սիսը մետաղադրամի վրա դաջել է Տիգրան Դ-ն, դրամ անունը առաջին անգամ տվել են Կիլիկյան Հայաստանում՝ ամենաբարձր հարգի արծաթին, հյուրերի համար հետաքրքիր փաստեր է առանձնացնում կենտրոնի ղեկավարը։ Մետաղադրամները մեզ են հասցրել նաև հայոց թագավորների հագուկապի մանրամասները:
Զարուհի Բարսեղյան - Թագը հայկական առանձնահատկություն ուներ, ուներ հատված, որ փակում էր վիզը և ականջը՝ ճկվող նյութից հավանաբար, քանի որ կան դրամներ, որի վրա էս հատվածը հավաքված է, ու կան դրամներ, որ մենք տեսնում ենք, որ Արտավազդ Բ-ն ականջօղով է, որն իր արքայական ծագման մասին է խոսում:
Հայոց պետականության շարքի հուշադրամներ Կենտրոնական բանկը սկսել է թողարկել 1995 թվականից։ Չորսը նվիրված Կիլիկյան, Բագրատունյաց, Արշակունյաց և Արտաշեսյան թագավորություններին, ներկայացնում է գլխավոր դրամատան Դրամագիտության կենտրոնի կոորդինատորը։
Նունե Տերյան (ՀՀ ԿԲ Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի կոորդինատոր) - Սկսած 2011 թվականից սկսեցին թողարկվել Անկախության հռչակագրի տարեդարձին ու Հայաստանի երրորդ հանրապետության տարեդարձերին նվիրված հուշադրամները։ Առաջինը նվիրված էր 10-ամյակին, իսկ հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ թողարկվում էր 15-ամյակին, 20-ամյակին, 25-ամյակին:
Հենց այս ստենդում պետք է տեղ գտնի Անկախության 30-ամյակի հուշադրամը։ Քանի որ ապակու տակ նաև թանգարանի ամենաթանկարժեք՝ 20-րդ դարի Հայոց կաթողիկոսներին նվիրված 1 կգ-անոց ոսկե հուշադրամն է, ցուցափեղկը բացելուց առաջ կողմնակի անձանց, նաև մեր նկարահանող խմբին տարածքից դուրս հանեցին։ Մի քանի րոպե, և շարքը համալրված է։
Ինչ վերաբերում է թղթադրամներին, հայատառ առաջին փողերը եղել են Անդրկովկասյան Կոմիսարիատի բոները, որոնց հաջորդել է Հայաստանի առաջին հանրապետության թողարկած 50, 100 և 250 ռուբլիանոցը։
Նունե Տերյան - Անունը ռուբլի էր, գրառումը՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, փողը տպվել է Լոնդոնում, ժողովուրդը դա կոչեց Լոնդոնյան ռուբլիներ․ 250 ռուբլիանոցը ժողովուրդը նաև անվանեց ճախարակ՝ երիտասարդ Հայաստանը հայուհու տեսքով:
Ի դեպ, Հայաստանի փողի մասին՝ աշխարհի հարուստները վերջերս սկսել են իմանալ նաև «Նոյան տապան» ներդրումային դրամի միջոցով, երբ արտասահմանյան բանկերում ոսկե ձուլակտորին նախընտրում են 5 կգ-անոց արծաթե մեր հսկան։