ՊՈՒՏԻՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հայաստանի Անկախության տոնի առթիվ աշխարհի տարբեր երկրներից շարունակում են շնորհավորանքներ հնչել: Աշխարհի առաջնորդների ու քաղաքական գործիչների ուղերձներում կարմիր գծի պես անցնում են Արցախի հակամարտության թեման և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
Ռուսաստանի նախագահը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա:
Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԲԱՅԴԵՆ
«Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»,- ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից մի հատված է:
Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենը նշել է, որ երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում:
Բայդենը պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս` օգնելով ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման ջանքերին։
Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում անդրադարձել է նաև վերջին տարվա ընթացքում հայ ժողովրդին հանդիպած մարտահրավերներին:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։
Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։
Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում։
ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ՀՀ-Ն ԿԱՊՎԱԾ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՅԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՎ
Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.
Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
«Անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղով և զարգացել քանակական և որակական առումներով». վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Իրանի նախագահը:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսի (Իրանի նախագահ) - Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն: Կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ, երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:
«Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը». վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկի և Երևանի միջև երկարատև արդյունավետ համագործակցությանը միշտ բնորոշ են եղել հարգանքն ու ձգտումը՝ խորացնելու ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը:
Սի Ծինփինը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը:
Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը:
Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: