Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքը ունի, ասվում է հանրապետության նախագահի ուղերձում: Արմեն Սարգսյանը շեշտում է՝ 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:
Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն: Շուրջ 30 տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, հավելել է հանրապետության նախագահը: Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Արմեն Սարգսյանը կոչ է արել որպես պետություն ու ժողովուրդ ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին հիշել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է ՈՒ ԿԱ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ՍԻՄՈՆՅԱՆ
30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը, ուղերձում շեշտել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և հավելել՝ այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն:
Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:
Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:
Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆԵՆՔ
Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր երազանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձում նաև շեշտել է՝ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը:
Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել նաև Արցախի նախագահը: Սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ Անկախության օրը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։
44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը: Այս՝ երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: