ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ: Նախարարը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի, ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի պետերի՝ Ռոմա Հարությունյանի և Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել 2 բաժինների տարածքում, ծանոթացել խնդիրներին:
Ոստիկանության շենքը պատերազմի օրերին 2 անգամ թիրախավորվել և հրթիռակոծվել է, այժմ այստեղ պայմանների բարելավվման և վերանորոգման անհրաժեշտություն կա: Շուտով կմեկնարկեն շենքի վերանորոգման-վերակառուցման շինարարական աշխատանքները: Նախարարը միաժամանակ հետևել է ծառայության ընթացքին, բարձրացված հարցերի շուրջ՝ սեղմ ժամկետներում դրանք լուծելու առաջարկներ արել:
Մարտակերտի շրջանային բաժնի պատասխանատուներին Կարեն Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, ևս մեկ անգամ կարևորել ներքին անվտանգության, հասարակության անվտանգության և հասարակական կարգի ապահովման ռազմավարությունը, որը մեծապես կախված է իրավապահ մարմիններից:
Նախարարը ևս մեկ անգամ հավելել է, որ ուժեղացված ծառայությանը զուգահեռ՝ կարևոր է կենցաղային պայմանների պատշաճ ապահովումը և ՆԳՆ ծառայությունների նյութատեխնիկական բազայի թարմացումը:
Պատերազմի օրերին նյութական վնասներ է կրել նաև ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի շենքը: Նոր ու ժամանակակից պայմաններն այստեղ էլ չեն ուշանա: Բաժնի պետ գնդապետ Արայիկ Դանիելյանը Կարեն Սարգսյանին է ներկայացրել առկա խնդիրները:
Նախարարի հաջորդ կանգառը Մարտակերտի վերին ենթաշրջանի Գետավան տեղամասում էր: Նախ, հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հերոսների շիրիմներին:
ՆԳ նախարարն այնուհետև ոստիկանության Գետավանի բաժանմունքում և ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարար ջոկի տեղամասում հետաքրքրվել է հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ, տեղում արձանագրվել են ծառայողներին հուզող խնդիրները:
Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ՆԳՆ համակարգում բարեփոխումները շարունակական բնույթ կունենան: Այսուհետ ևս ուշադրության կենտրոնում կլինեն արհեստավարժ ու երիտասարդ կադրերով համալրումը և ստորաբաժանումների բարեկարգ վիճակը, որոնք էապես կփոխեն ծառայությունների մատուցման որակը: