Անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ՝ խնդրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը:
Իր ելույթում Փաշինյանը խոսեց պարտությունը հաղթանակի փոխակերպելու կարևորության մասին:
«Ի՞նչ կտեսնենք մենք, եթե հետ նայենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը: Կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում և հուսահատություն, հիացմունք ու հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ ու պատերազմում կրած պարտություն:
2020 թվականի պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա:
Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպես նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունը անիմաստ չդիտարկվի:
Այս բանաձևումն է թերևս մեր ամենամեծ խնդիրը. ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում, անկախ պետության ապագա տասնամյակների համար: Իմ պատկերացրած ձևակերպումն այսպիսին է՝ պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն:
Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը: Իսկ ո՞ւր մնացին նահատակները. նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի, և քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են: Երբ զարգանում է ՀՀ-ն, երբ զարգանում է Արցախը, նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետև խոսքն իրենց զավակների, եղբայրների ու քույրերի, հայրենիքի մասին է, վերջինիս զավակների հայրենիքի մասին:
Ուզում եմ, որ այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի, ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու, մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: