ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն:
Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:
Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:
Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ»: