ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ և նշել՝ անցնող 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա:
«Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ՝ միջազգային հանձնառություններին, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում»,- նշված է ուղերձում:
ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումը այդ երկրի կենսունակության ապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև՝ կապերը մարդկանց միջև, ամրապնդում են կապը երկու ժողովուրդների միջև:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և բոլոր աճյունների արագ փոխանակումը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: