Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած է եղել, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին՝ Armenia Business Forum-ում իր խոսքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք: Իսկապես, շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր գտնել մի քանի հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պիտի ցույց տային կամ դառնային Երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի, իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:
Փաշինյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով արձանագրվեց Հայաստանի քաղաքացիների որոշումը՝ շարժվել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը: Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել և, ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:
Նիկոլ Փաշինյան - Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած, հետևողական է լինելու, և Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու է այս ճանապարհով: Պետք է արձանագրեմ, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն:
Վարչապետը ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով պետք է հաստատվի և բացվի խաղաղ զարգացման դարաշրջանը՝ առաջնային համարելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության:
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն, ավելի մրցունակ:
Վարչապետն ընգծեց նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում, կա կառուցողական երկխոսություն ու Հայաստանի կառավարությունը հետևողական առաջ է մղելու այդ օրակարգը: Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ապագային միտված նախագծերը:
Արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է հինգ տարում 130 միլիոն դոլարի ներդրում անել «Տաշիր» ընկերությունը։
Սամվել Կարապետյան, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ - Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների կիրառման։ Նոր հզորությունների զարգացումն ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանն ապահովում է աշխատատեղերով։ Այս նպատակի համար հատկացվելու է 50 միլիոն դոլար:
Ըստ հայ գործարարի՝ «Տաշիր» ընկերության համար երկրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է: Այս ուղղությամբ կհատկացվի ևս 50 միլիոն դոլար։ Հաջորդը, ըստ Կարապետյանի, երիտասարդական գործարարության խթանումն է:
Սամվել Կարապետյան - Կարևոր է չանտեսել նաև երիտասարդ սերնդի նախաձեռնություններին աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 միլիոն դոլար:
Մոտ 50 միլիոն դոլար էլ կնվիրաբերվի Արցախի տնտեսության զարգացմանը և ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը: