Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում 62 անձանց գերի ընկնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ղազարյանի մեղադրանքը շաբաթներ առաջ լրացվել է, ինչից հետո էլ նա կալանավորվել է: Փոխգնդապետը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ լքելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պետի օրինական հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար:
Վահան Հովհաննիսյան, Արսեն Ղազարյանի պաշտպան - Ընդհանրապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը, դրանց վերաբերյալ ցուցմունքներ ամբողջությամբ տվել է:
Պաշտպանի խոսքով՝ գործով որպես նոր հիմք դրվել է տուժողի ցուցմունքը:
Վահան Հովհաննիսյան - Ի սկբանե գործով տուժողներից մեկը ցուցմունք է տվել, որ ինքը հեռախոսային խոսակցություն է ունեցել Արսեն Ղազարյանի հետ՝ գերությունից վերադառնալուց հետո և սա բնական հանգամանք է, քանի որ Արսեն Ղազարյանը խոսել է իր բոլոր ստորադաս անձնակազմի հետ, որոնք գերությունից վերադարձել են:
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ տուժողն այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնել է հեռախոսազանգից 7 ամիս անց, երբ դատարանը մերժել է իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությունը:
Վահան Հովհաննիսյան - Գործով տուժողը «պատահականորեն» ժամանում է վարույթ իրականացնող մարմին և ցուցմունք է տալիս, որ այդ խոսակցության ընթացքում ինքը գիտակցել է, որ Արսեն Ղազարյանը, միգուցե, ապօրինի ազդեցություն գործադրի իր վրա, հետևաբար հեռախոսազանգն անջատել է: Այսինքն՝ հեռախոսային խոսակցությունը դադարեցրել է:
Պաշտպանն ասաց՝ միջնորդել է առերես հարցաքննություն իրականացնել իր պաշտպանյալի և տուժողների միջև, քանի որ նրանց ցուցմունքներում կան որոշակի հանգամանքներ, որոնք ենթակա են պարզաբանման:
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն էլ պնդում է՝ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հիմքերի վերաբերյալ նոր բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել:
Ռաֆայել Վարդանյան, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ - Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը, դեկտեմբերի 13-ին գտնվելով մարտական հերթապահության մեջ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում, առանց վերադաս հրամանատարությանը զեկուցելու և մինչև այդ ստանալով հրաման անցնել շրջանաձև պաշտպանության և որևէ կերպ չլքել իրենց մարտական հենակետերը, ինքնակամ թողել և լքել է: Ավելին՝ իր ենթակա անձնակազմի 62 զինծառայողի, որոնք իր մարտական հենակետից ավելի հեռու են գտնվել, հանձնարարել է, որպեսզի դուրս գան և պայմանավորված տեղանքում հանդիպեն, որպեսզի միասին դուրս գան, մինչդեռ նշված 62 զինծառայողները, գալով տվյալ հատված, չեն տեսել իրենց հրամանատարին, որից հետո գերեվարվել են հակառակորդի կողմից:
Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած ռազմագերիների մասնակցությամբ նույնպես իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որով ևս հիմնավորվել են առաջադրված մեղադրանքում նշված փաստերը:
Նշենք, որ 62 շիրակցիներից 38-ը դեռևս գտնվում է գերության մեջ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան