Սահմանամերձ Չինարի գյուղի թուզն արտահանվում է Ռուսաստան: Բերքահավաքն արդեն ավարտվում է, գյուղացիները հաշվում են օգուտն ու մրգի վաճառքից ստացած եկամուտը: Թզի 500 տնկիներից 300-ն «ուստա» ծառեր են, լավ բերք են տալիս, մնացածը ձևավորման փուլում են՝ սեփական դաշտի մրգատուներին է գնահատում փորձառու այգեգործը:
Չինարեցիները թուզը մթերել են 350-400 դրամով: Ճիշտ է՝ անցած տարվա համեմատ մթերման գինը նվազել է, բայց գյուղացու բերքը գետնին չի մնացել: Սահմանամերձ գյուղի բնակիչները թվարկում են թզի առավելությունները. մշակելն, ի տարբերություն խաղողի, քիչ աշխատատար ու ծախսատար է, կայուն եկամտի աղբյուր:
Գյուղացիները կատակում են՝ կարճ ասած՝ ոսկու հանք: Ռուսաստան մեկնող բեռնատարաները, սառնարանային տնտեսությունները կսպասեն մինչև չինարեցին հավաքի վերջին բերքը:
Թզի բերքահավաքի արդյունքն է ամփոփում գյուղապետ Սամվել Սաղոյանը: 250 տոննայից ավելի թուզ են արտահանել ռուսական շուկա:
Սամվել Սաղոյան, Չինարիի վարչական ղեկավար - Այս տարի որևիցե խցանում, հերթեր չեն եղել: Գյուղում երկու սառնարանային տնտեսություն ունենք, կան նաև ավտոմեքենա սառնարաններ:
Առաջիկա օրերին կսկսեն խաղողի մթերումը: Չինարին 300 տոննայի պայմանագիր ունի կնքած մթերող ընկերության հետ: Ամսի 17-ին տեղացած կարկուտը վնասել է խաղողի բերքը: Ակնկալիքները մեծ են արքայանարնջի բերքից: Անցած տարի մոտ 80 տոննա բերք են արտահանել: Գյուղում արդեն կիվի են սկսել մշակել:
Եթե եղանակն անակնկալներ չմատուցի, Չինարին բարեհաջող կավարտվի աշնան բերքահավաքը: Գյուղապետի խոսքով՝ կարևորը նաև սահմանին խաղաղությունն է, որ արդեն մեկ տարուց ավելի է պահպանվում է: