Մուսալեռի հերոսամարտից 106 տարի է անցել: 40-օրյա անունը ստացած ազատագրական պայքարն իրականում 53 օր է տևել: Համաշխարհային պատմագրության մեջ մուսալեռցիների կազմակերպված ինքնապաշտպանությունը ներկայացվում է որպես իրական հերոսապատում՝ ասում է հայրենակցական միության ներկայացուցիչը:
Եսայի Չախչախյան («Մուսալեռ» հ/մ կենտրոնական վարչության անդամ) - Այս երևույթը համայն մարդկության մեջ հերոսապատման մեխ է ներկայացվում, մուսալեռցու կերպարը հզորագույն մեխ է համարվում մարդասիրության, մարդու իրավունքների և ազատագրության գաղափարախոսության մեջ:
Լեռան բարդ ռելիեֆի շնորհիվ անհավասար պայքարում թուրքերի՝ ավելի քան 5000 զոհի դիմաց հայկական կողմը 18 նահատակ է ունեցել: Հաղթանակը հնարավոր է եղել նաև լուրջ հրամանատարների շնորհիվ: Նրանցից մեկին՝ Եսայի Յաղուբյանին, ակնածանքով է հիշում մյուս Եսային՝ Չարչախյանը:
Եսայի Չախչախյան («Մուսալեռ» հ/մ կենտրոնական վարչության անդամ) - Պապիս մտերիմ ընկերն էր: Գալիս էր մեր տուն, ինձ նստեցնում ծնկներին ու երգում:
Ամեն տարի այս օրը մուսալեռցիների ժառանգները հաղթահարում են համանուն բարձունքը՝ Արմավիրի մարզում:
Ավագ մուսալեռցիներն ասում են՝ պարտավորություն ունեն երիտասարդների առջև:
Պերճ Ղազարյան («Մուսալեռ» հ/մ ատենապետ) - Մուսալեռը ժառանգել ենք այնտեղ ծնվածներից, ու, որպես Հայաստանում ծնվածներ, փոխանցում ենք սերունդներին ոչ թե միայն պատմություն, այլ նաև էություն:
Բարձուքը հաղթահարում են երեկոյան, որովհետև իրենց ապուպապերի փրկությունն էլ է մթնշաղին եղել: Լեռան վրայի խարույկները ֆրանսիական «Գիշեն» նավից մթության մեջ են նկատել: Այդ օրվանից խարույկը մուսալեռցիների համար դարձել է հերոսապատումի խորհրդանիշերից մեկը:
Սարգիս Զեթլյան - Մուսալեռցիների փրկության խորհրդանիշ է դարձել, նույնիսկ չի կարելի խարույկի վրա ջուր լցնել:
Նոսրացել են այն մուսալեռցիների շարքերը, որոնք կռիվների մասին պատմությունները լսել են անմիջապես իրենց ծնողներից: Այս տարեց կնոջ հայրը դժնդակ այդ օրերին 8-9 տարեկան է եղել. Որոշ դրվագներ՝ իր մասնակցությամբ, փոխանցել է դստերը:
Արփինե Սուփրիկյան (մուսալեռցի) - Երեխա է եղել, բայց զենք է մատակարարել, երեխաներին հաց է տարել, օգնել է մեծերին:
Տոնը զուսպ էին կազմակերպել. ինքնաբուխ պար՝ մուսալեռցու պատմական թմբուկների ներքո, մի քանի ազգագրական երգ ու ավանդական հարիսա: