Սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը՝ թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի կինը:
Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։
1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)՝ լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Անահիտ Թոփչյանը 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ էր։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մահացել է Ալեքսանդր Թոփչյանը: