Հայաստանի տարբեր մարզերից հեծանվորդները հասել են Գեղարքունիքի մարզ, Շորժայի կայարան՝ մասնակցելու «Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվամրցարշավին: Նրանք պետք է 40 կիլոմետրանոց ճանապարհ անցնեն՝ հասնելու վերջնակետը՝ Սևանի թերակղզի:
Գրիգոր Համբարձումյան («Վարչապետի գավաթ-2021» հեծանվամրցարշավի գլխավոր մրցավար) - Մոտավորապես 350 մասնակից կան բոլոր տարիքային խմբերը միասին՝ աղջիկներով, տղաներով: Ավելի շատ երիտասարդներն են գերակշռում, այնուհետև գալիս են մեծահասակները՝ 40-ից բարձր տարիքի մարդիկ, աղջիկների քանակը մոտավորապես 50 հոգի է:
Իսկ մասնակիցները բաժանվել են երկու տարիքային խմբի. 18-35 տարեկան աղջիկներ, 18-40 տարեկան տղամարդիկ, 36 և բարձր կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ: Ամենատարեց հեծանվորդը 72 տարեկան էր: Մասնակիցների մեջ նաև Եվրոպայից Շորժա հասած հայրենակիցներ կան:
Ազդանշանը հնչեց, և հեծանվորդները ճանապարհ ընկան: Մասնագետները թեև նախապես նշել էին, որ լավագույն արդյունքի դեպքում 40 կիլոմետրը հնարավոր է անցնել 1 ժամ 40 րոպեում, բայց հաղթողը վերջնակետին հասավ 1 ժամ 6 րոպեում: Արան 30 տարեկան է: Մոտ 15 տարի հեծանիվ է վարում, ասում է՝ դեռ չի որոշել, թե ինչի վրա է ծասխելու 1 միլիոն դրամը:
Արա Սարգսյան (մրցարշավի հաղթող) - Երբ խմբից առաջ ես անցնում, էլ ոչ մի բան չես զգում. Չես մտածում՝ 1-ին, 2-րդ, ոչ մի բանի մասին: Ուղղակի լարված առաջ ես շարժվում, ինչքան հնարավոր է՝ շատ, որ երկրորդ հեծանվորդը չհասնի քեզ:
Առողջ ապրելակերպը խթանելու, հեծանվավազքը զարգացնելու համար «Վարչապետի գավաթ» մրցույթը կդառնա ամենամյա: Այսպիսի մրցումներ կլինեն նաև վազքի, լողի ու սեղանի թենիսի մարզաձևերում: ԿԳՄՍ նախարարն ասում է՝ հեծանվարշավի առաջին փորձը կվերլուծեն, արդյունքները կգնահատեն ու արդեն հաջորդ տարի ավելի շատ մարդկանց, նոր հնարավորություններ կներգրավեն:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այս մրցարշավը պետք է դառնա ավանդույթ, սա առաջինն էր: Իհարկե, ընթացքում որոշ բաներ գործնականում տեսնում ենք, որ կարելի է էլ ավելի լավ անել, ինչը և կարվի հաջորդ տարիներին: Գերագույն նպատակը այս ամենի, սպորտի մասսայականացման խնդիրը լուծելն է, որպեսզի մեր ժողովուրդը ինչքան հնարավոր է՝ շատ զբաղվեն մասսայական սպորտով:
Հեծանվորդներից լավագույն 80-ը արժանացան 50 հազարից մինչև 1 միլիոն դրամական պարգևների: Հաղթողներին շնորհավորելու եկած վարչապետը չբացառեց, որ հաջորդ տարի 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կարող է փոխվել, և հեծանվավազքը կազմակերպվել Գեղամա ծովի շուրջը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Համոզված եմ, որ մրցանակային հիմնադրամը չէ ամենակարևորը, չնայած, իհարկե, մրցանակային հիմնադրամը, հույս ունեմ, ամեն տարվա հետ ավելի կշատանա: Առաջին մրցույթի արդյունքները պետք է ամոփել և տեսնել՝ ինչ լրացումներ կարելի է անել կանոններում:
Վարչապետի խոսքով՝ եթե հաջորդ տարիներին մրցարշավն արդարացնի սպասելիքները, կքննարկեն Սևանա լճին հարակից ամբողջ ճանապարհահատվածը միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի դարձնելու հարցը: