Պաշտոնական Երևանն արձագանքում է Թուրքիայի նախագահի՝ կիրակի արած հայտարարությանը՝ կրկին հիշեցնելով՝ միջանցքների մասին խոսակցությունը հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը:
Երեկ՝ ԱՄՆ մեկնելուց առաջ, օդանակայանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Հայաստանը թույլ չի տալու միջանցք ստեղծել, Էրդողանն ասել էր. «Միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է: Մտածելու տեղիք է տալիս, որ մի կողմից դա է ասում, մյուս կողմից ցանկանում ինձ հետ հանդիպել: Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»:
Թուրքիայի նախագահի խոսքով, երբ սկսվի դիվանագիտությունը, բնականաբար, ինչ որ բաներ պետք է վերցնել ու տալ։ Հույս հայտնելով, որ այդ գործընթացում կգերիխշեն դրական մոտեցումները, Էրդողանն ուղիղ շեշտել էր՝. «Այսպիսով՝ տա Աստված, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացումով հաղթահարվի»:
Այսօր արդեն վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, հղում անելով նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններին, ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է այդ երկու փաստաթղթերում արձանագված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում՝ նշել է Գևորգյանը:
Մանե Գևորգյան, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ - Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանն անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է, և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:
Ասուլիսի ժամանակ Էրդողանը նաև հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է փոխանցել Վրաստանի վարչապետի միջոցով. «Նոր գործընթաց սկսելու համար նման քայլի կատարումը, եթե, իհարկե, անկեղծ է, մենք էլ մեր անկեղծությունը ցույց կտանք և դիվանագիտություն կսկսենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ հանդիպել էր մոտ 10-ն օր առաջ՝ Վրաստան այցի ընթացքում: Հայաստան-Թուրքիա երկխոսություն սկսելու մասին այդ ժամանակ որևէ հրապարակային հայտարարություն չէր արվել, իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման առանցքային հարցերից է եղել նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Արդյոք Թբիլիսիում դռնփակ քննարկումների ժամանակ եղել է նման խոսակցություն, Գևորգյանն ընդգծել է՝ միջազգային բոլոր շփումներում Փաշինյանը գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը:
Մանե Գևորգյան - Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է, թե բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ՝ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների:
Հայ-թուրքական դիվանագիտական երկխոսությունը կարևորելով՝ արևելագետ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ Էրդողանի երեկվա հայտարարությունն ու դրանում տեղ գտած միջանցքային թեման վկայում են այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնումը Թուրքիան նախապայմաններով է ուղեկցելու: Փորձագետի կարծիքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակը պաշտոնական Անկարան փորձելու է ծառայեցնել հօգուտ իր շահերի՝ առաջնորդվելով Ադրբեջանի հետ միասնական օրակարգով, բայց երկկողմ շփումներում երրորդ երկրի շահերի պարտադրումը, ըստ Պետրոսյանի, գործընթացը փակուղի է տանում:
Արմեն Պետրոսյան, արևելագետ - Բնական էր, որ Թուրքիան նման դիրքորոշում է որդեգրելու, բայց Հայաստանն ունի իր սեփական օրակարգը: Սովորաբար դիվանագիտական հարաբերությունների բացակայության ժամանակ, քաղաքական հեռակա երկխոսության շրջանակներում, դրա որոշակի բովանդակության, այլն էլ կեղծ հրապարակումը, խոսում է այն մասին, որ հրապարակող կողմը որևէ կերպ պատրաստ չէ գնալու այդ երկխոսության շարունակությանը:
Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով էլ հետպատերազմյան իրավիճակում Թուրքիայի պահանջներն ավելին են ու Հայաստանը պետք է գնահատի՝ արդյոք պատրաստ է նման նախապայմաններով երկխոսություն սկսել:
Հրանտ Տեր-Աբրահամյան, քաղաքագետ - Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են այս պատերազմը Հայաստանի դեմ: Լայն ճնշումը, սահմանին բոլոր սադրանքները, ուժային գործողությունները և այլն, իրենց նպատակն է ուժով պարտադրել այդ միջանցքի գաղափարը: Այնսինքն՝ այն, ինչին չեն կարողացնել հասնել լայնածավալ պատերազմում, փորձում են այսպես հասնել:
Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, փորձագետները դժվարանում են կանխատեսել: 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Թուրքիան հարաբերությունների վերսկսմանն աջակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև Ռուսաստան ն ամսվա սկզբին՝ ռուս գլխավոր դիվանագետի շուրթերով: