Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալն այս տարվա առաջին կիսամյակում արդեն կազմել է 1,9 միլիարդ դոլար: Աճի այս տեմպն ավելին է, քան 2019 թվականին, երբ Հայաստանի և Ռուսաստանի առևտրի ծավալը տարեվերջին առաջին անգամ հատել էր 2 միլիարդ դոլարը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշում է՝ կորոնավիրուսային բարդ 2020-ից հետո այս կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Ներմուծման ցուցանիշը Հայաստան աճել է 9 տոկոսով: Արտահանումը մեր երկրից՝ 36 տոկոսով, ինչը մեզ ուրախացնում է: Արտահանման հիմնական ապրանքներ են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, մեքենաշինության և գյուղատնտեսական արտադրությունը: Սակայն ակնհայտ է ոչ հումքային ապրանքների արտահանման ծավալի ավելացման ներուժ:
Ռուսական կապիտալի մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում ամենամեծն է, Մոսկվան շարունակում է մնալ Երևանի առաջին տնտեսական գործընկերը: Մհեր Գրիգորյանն առանձնացնում է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր, այդ թվում հարավ-կովկասյան երկաթուղի ընկերության ծրագրերը, որոնց իրականացումը թույլ է տվել զգալի թարմացնել գնացքների պառկը: Գրիգորյանը տեղեկացնում է ևս մեկ համատեղ բիզնես-նախագծի մասին:
«ՍՊՈՒՏՆԻԿ ԼԱՅԹ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել «Սպուտնիկ-վի» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ: Ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթացը՝ Հայաստանում «Սպուտնիկ լայթս»-ի արտադրության համար:
Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Վարան Քերոբյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում արդեն մեկնարկել է:
Բիզնես-ֆորումին ներկա Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես վիճակագրություն ներկայացրեց՝ այս տարվա 7 ամսում երկու երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 17,2 տոկոսով: Սակայն՝ ներկայիս ցուցանիշները կողմերին չեն բավարարում:
Ալեքսեյ Օվերչուկ - Ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները, իհարկե, չեն կարող բավարարել նման մտերիմ երկու ռազմավարական դաշնակցի: Մենք կարող ենք ավելի լավ ցուցանիշների հասնել, և մենք պետք է դա անենք. Մենք ունենք լուրջ ներուժ փոխադարձ առևտրի ծավալի աճի տեմպն ավելացնելու համար:
ԿՈՂՄԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ. ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ինչպես կազդի այդ ցուցանիշների վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ինչի շուրջ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը բանակցում են հենց փոխ-վարչապետների մակարդակով: Գրիգորյանը տեղեկացրեց ՝ կոնկրետ հաշվարկներ դեռ չկան: Օվերչուկը հավելեց՝ գործընթացը շարունակվում է:
Մհեր Գրիգորյան - Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսերին՝ Մոսկվայում: Բոլոր կողմերը տրամադրված են տրասնպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին: Ակնհայտ է, որ ապաշրջափակումը, երթուղիների վերականգնումը թույլ կտան նոր հնարավորություններ ստեղծել՝ այդ թվում նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար:
Գազի գնագոյացման վերաբերյալ հայկական և ռուսական կողմերն ունեն ամբողջական կոնսենսուս: Սակայն ներկայումս բանակցությունների առիթ է գինը սահմանին, տեղեկացրեց Մհեր Գրիգորյանը: Հայկական և ռուսական կողմերի միջև այսօր նաև ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև նաև ստորագրվեց զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային համաձայնագիր: