Գերմանիայի կառավարությունը կարող է վերանայել «Հյուսիսային հոսք 2» համաձայնագրի որոշ կետեր, եթե Կանաչների կուսակցությունը գա իշխանության: Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի տնտեսական զարգացման և արտաքին առևտրի դաշնային ասոցիացիայի ներկայացուցիչ Ուրս Ունկաուֆը:
Փորձագետի կարծիքով՝ երկրի էներգետիկ քաղաքականությունը փոփոխությունների կենթարկվի նույնիսկ այն դեպքում, եթե Կանաչները կոալիցիայում առաջատար չլինեն:
«Հայտարարություններն այն մասին, որ Գերմանիայի նոր կառավարությունը կարող է վերագնահատել «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ոչ այլ ինչ են, քան քաղաքական խաղ և շանտաժ: Քաղաքականության մեջ նման ուղիները հազվադեպ են հաջողության հասնում»՝ ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Քաղաքական գործչի խոսքով՝ պետք չէ լրջորեն մտահոգվել այդ հայտարարություններից, քանի որ նախագիծը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Գերմանիային:
«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը տևել է երեք տարի և ավարտվել նախորդ շաբաթվա վերջին: Գազամուղը, որի երկու ճյուղերով մատակարարվելու է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ, Ռուսաստանից անցնում է Գերմանիա՝ Բալթիկ ծովի հատակով: