Դեռևս սեպտեմբերի 13-ին Վրաստանի մեդիադաշտում հայտնվեցին 2013-2021 թթ. հոգևորականների գաղտնալսման հազարավոր ֆայլեր, այդ թվում՝ միանձնուհիների, քահանաների, մետրոպոլիտների և նույնիսկ Պատրիարքարանի Սինոդի անդամների: Մի քանի հազար աուդիոֆայլեր պարունակում են մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ՝ գրում է Aliq.ge-ն: Հատուկ ուշադրություն է դարձվում սեռական կողմնորոշմանը և բարձրաստիճան հոգևորականների անցյալին:
Ֆայլերի իսկությունը դեռ ապացուցված չէ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերում լուր է շրջանառվում, թե նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կապ ունի գաղտնալսումների հետ: Գախարիան հայտարարել է, որ տեղյակ չի եղել հոգևորականների գաղտնի լսումների մասին:
«Ես չգիտեմ, թե ով է կատարել անօրինական ձայնագրությունները: Ես նման հանձնարարություն չեմ տվել»,- ասել է նախկին վարչապետը:
Շրջանառվում է նաև գործին Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլիի հնարավոր ներգրավվածության տարբերակը:
Ըստ «Մթավարի» հեռուստաընկերության՝ գաղտնի ձայնագրությունների արտահոսքը կազմակերպել է Պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ակակի Նեմսաձեն, որն ինքնասպան է եղել երկու ամիս առաջ՝ հուլիսի 8-ին: Մահվանից առաջ նա որոշել է «մերկացնող» ֆայլերն ուղարկել ընդդիմադիր հեռուստաալիքներին:
Վրաստանի գլխավոր դատախազությունն այս փաստի առթիվ հետաքննություն է սկսել՝ քրեական գործը հարուցելով «Անձնական կյանքի գաղտնիության խախտում» հոդվածով: