Հայազգի երկու խոշոր գործարարներ Նիկոլայ Սարկիսովն ու Ռուբեն Գրիգորյանը Արագածի լանջին լեռնադահուկային հանգստյան համալիր կառուցելու ներդրումային ծրագրեր են ներկայացրել Կառավարությանը, և երկու ծրագրի համար էլ գործարարներն ընտրել են միևնույն վայրը։ Կառավարությունը, որ ողջունել է երկու ծրագիրն էլ ու նույնիսկ որոշ հուշագրեր կնքել երկու ընկերությունների հետ էլ, այժմ քննարկում է, թե երկու ներդրումային ծրագրերից որն է հավանության արժանացնելու։
«Արագեյթ». ֆրանսիական կառավարմամբ լեռնադահուկային համալիր Արագածոտնում
Դեռ մայիսին իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվեցին «Արագեյթ ինվեսթմենթս» ՓԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագիր կնքելու և ուղղակի վաճառքի տեսքով ընկերությանը հողամաս օտարելու որոշման նախագծերը։ Ըստ ներդրումային ծրագրի՝ «Արագեյթ ինվեսթմենթսը» ֆրանսիական երկու ընկերությունների՝ MDP consulting and engineering և Société des 3 Vallées (այս ընկերությունը կառավարվում է Ֆրանսիայի Քուրշեվել հանգստավայրի կառավարիչների կողմից) ընկերությունների հետ մտադիր է կառուցել լեռնադահուկային հանգստավայր, որը կգործի 4 սեզոններին, կունենա ճոպանուղի, 125 կիլոմետր դահուկուղիներ, զիփլայն, խանութներ, լեռնային ռեստորաններ ու հյուրատներ, նաև՝ դեպի Քարի լիճ ու Արագածի հարավային գագաթ տանող ճանապարհներ։ Համալիրն ընդգրկված է Ուշի, Բյուրական, Ապարան համայնքների վարչական շրջանում, Վարդենուտ, Արագած, Շենավան բնակավայրերի տարածքում։ Այն ընդհանուր առմամբ կազմելու է մոտ 5500 հեկտար։ Ընկերությունը նախատեսում է նաև ձմեռային սպորտային մարզաձևերի ուսուցում կազմակերպել։
Ըստ ներդրումային ծրագրի՝ ընդհանուր ներդրման ծավալը կկազմի մոտ 270 միլիոն եվրո, համալիրը նախատեսվում է կառուցել երեք փուլով։ «Արագեյթ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն հիմնվել է 2020-ի փետրվարին։ Ընկերության միակ մասնակիցը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Նիկոլայ Սարկիսովն է՝ Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոսը։ Սարկիսովը նաև խոշոր գործարար է, նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 700 միլիոն դոլար, թեև նախկինում գործարարը միլիարդատեր էր։ Նիկոլայ Սարկիսովը եղբոր՝ Սերգեյ Սարկիսովի հետ ռուսաստանյան խոշոր ապահովագրական ընկերություններից մեկի՝ «Ռեսո»-ի սեփականատերերն են ու Սարկիսովների ընտանիքը ռուսաստանյան ամենահարուստ ընտանիքների ցանկում է՝ 1.7 միլիարդ դոլարի կարողությամբ։ Նիկոլայ Սարկիսովի եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը, եղել է նաև Լոս-Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։
«Արագեյթ ինվեսթմենթսի» գործադիր մարմնի ղեկավարը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, Արսեն Գասպարյանն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը։ «Արագեյթ ինվեսթմենթսի» ու էկոնոմիկայի նախարարության միջև նաև հուշագիր է ստորագրվել, ներդրումային ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2022-ի գարնանը։ Անցյալ տարի «Արագեյթ ինվեսթմենթսը» համագործակցության հուշագիր է կնքել նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ։ Արագածի լանջերին՝ նույն տեղանքի հետ կապված, ներդրումային ծրագիր կառավարությանն է առաջարկել և նույնիսկ նախնական որոշ աշխատանքներ կատարել մեկ այլ ընկերություն՝ «Ռիդ» ՍՊԸ-ն։
«Ռուցոգ-ինվեստ». Արագածի լանջերով հետաքրքրված է ռուսաստանաբնակ մեկ այլ գործարար
2021 թվականի մայիսի 20-ին Ապարան համայնքի ավագանին որոշում է հավանություն տալ «Արագածի լեռնագոգին բնակավայրերի զարգացումը՝ օրգանական գյուղատնտեսության և տուրիզմի կլաստերների զարգացման» ծրագրին։ Ծրագիրն ընդգրկում է նույն վարչական տարածքները, ինչ «Արագեյթ ինվեսթմենթսի» դեպքում. դրանք են Ապարան համայնքի, Վարդենուտ, Արագած, Շենավան բնակավայրերի տարածքները։ Ապարանի ավագանին այդ որոշմամբ համաձայնություն է տվել Վարդենուտ ու Շենավան համայնքների տարածքում 244 հեկտար մակերեսով տարածքների ձեռքբերմանը կամ վարձակալությանը, նույն տարածքի 129 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերմանը, նաև՝ 837 հեկտար տարածքով դահուկուղիների վարձակալմանը։ Ապարանի ավագանին նաև որոշել է հողատարածքների կադաստրային և գեոդեզիական չափագրումներ իրականացնել, ինչպես նաև՝ Կառավարությունից թույլտվություն ստանալ՝ փոփոխելու գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան խառը կառուցապատման կատեգորիայի։ Ավագանին որոշումը հավանության է արժանացրել 10 կողմ, 0 դեմ կամ ձեռնպահ ձայներով։
«Ռիդ» ՍՊԸ-ն ռուսական «Ռուցոգ-ինվեստ» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում։ «Ռուցոգ-ինվեստ»-ը խոշոր կառուցապատող ընկերություն է, որ կառուցում, վաճառում ու վարձակալության է տրամադրում խոշոր բազմաֆունկցիոնալ օբյեկտներ։ Հոլդինգը ներառում է շինարարական, նախագծային ու ֆինանսական ընկերություններ։ «Ռուցոգ-ինվեստը» Կրեմլի մոտակայքում կառուցել է «Նիկոլսկայա պլազա» բիզնես և առևտրի խոշոր կենտրոնը, Մոսկվայի Լուբյանսկայա հրապարակում գտնվող ST. Regis Moscow Nikolskaya հյուրանոցային համալիրը, Մոսկվայի հայկական թանգարանը, Olympic Plaza 1 և Olympic Plaza 2 բազմաֆունկցիոնալ կենտրոնները և այլն։ Ընկերության սեփականատերը գործարար Ռուբեն Գրիգորյանն է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Ռիդ» ՍՊԸ-ի բաժենմասերի 100 տոկոսը պատկանում է Գրիգորյանին։ Ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 37 միլիարդ դրամ է։
Ապարանի համայնքապետարանի կողմից հավանության արժանացած ծրագրի համաձայն՝ «Ռիդ»-ը Վարդենուտ և Արագած գյուղերի մոտակայքում մտադիր է կառուցել 3oo հատ ֆերմերային տնտեսություններ՝ յուրաքանչյուրը 1500-2000 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսում են նաև կառուցել արևային և քամու էլեկտրակայաններ, նաև 2.25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, որը կուղղվի ֆերմերային տնտեսությունների ապահովմանը։ Էկոտուրիզմի ու էկոգյուղատնտեսության բաղադրիչներից զատ «Ռիդը», ինչպես «Արագեյթ ինվեսթմենթսը», նախատեսում է հիմնել լեռնադահուկային կուրորտ ու կառուցել ճոպանուղիներ։ Ընկերությունը նաև հաշվարկներ է ներկայացրել, ըստ որոնց՝ ներդրումային ծրագիրը կկազմի մոտ 190 միլիոն դոլար, իսկ 10 տարվա ընթացքում ընկերությունը կվճարի մոտ 11 միլիոն դոլարի հարկ ու տուրք։
2020-ի օգոստոսին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նաև հանդիպում էր ունեցել «Ռիդ» ընկերության տնօրեն Նիկոլայ Կատաևի հետ՝ «գերժամանակակից զբոսաշրջային ավանի» ներդրումային ծրագրի հետ կապված։ Գևորգյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ ծրագրի իրականացման դեպքում կլուծվի շրջակա համայնքների բնակիչների զբաղվածության հարցը, և որ ինքը պատրաստ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ ծրագրի ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար։ Նույն ժամանակահատվածում «Ռուցոգ-ինվեստի» ղեկավար Ռուբեն Գրիգորյանն այս տարածքն օգտագործելու հարցով քննարկումներ էր ունեցել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հասցրել է համագործակցության հուշագիր ստորագրել «Ռիդ» ընկերության հետ։
«Ռիդ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու Աշոտ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասում է՝ այդ տարածքների հետ կապված ներդրումային ծրագիրն իրենք ավելի վաղ են ներկայացրել՝ դեռ 2018-ին, իսկ այդ տարածքում երկու ընկերություններ միաժամանակ չեն կարող ծրագիր իրականացնել. «Մի բան հստակ է. սա եղել է մեր ընկերության ծրագիրը, մենք եղել ենք առաջինը։ Մեր ծրագիրն ավելի մեծ է՝ էկոտուրիզմ, էկոպրոդուկտներ։ Սովետական հատվածում այդտեղ ջրամբար է եղել նախագծված, ու մենք ուզում ենք այդ ջրամբարը կառուցել»,- ասում է Աբրահամյանն ու վկայակոչում Ապարանի ավագանու այն որոշումը, որով հավանության է արժանացել ներդրումային ծրագիրը, նաև՝ ՏԿԵՆ-ի հետ կնքված համագործակցության հուշագիրը։ Աբրահամյանի խոսքով՝ սպասում էին Կառավարության որոշմանը, և իրենց համար անսպասելի է եղել, որ հայտնվել է «Արագեյթ ինվեսթմենթսն» ու նույն տարածքի հետ կապված ծրագիր առաջարկել։
«Ռիդի» ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արագածի լանջերի այս հատվածի հետ կապված նախնական աշխատանքներ կատարել են ու արդեն շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի գործընթաց են սկսել։ Իրավական վեճ, ըստ Աբրահամյանի, գոյություն չունի՝ «կնքել են պայմանագրեր, համագործակցության հուշագիր ու այդ պայմանագրերով աշխատում են»։ «Ֆրանսիական ընկերությունը հայտնվել է 2020-ին, մեր ծրագիրը սկսվել է 2018-ից, մեզնից հետո են իրենք հայտնվել։ Իրենք մտել են այն ոլորտը, որտեղ պիտի չմտնեին, որովհետև մեր ծրագիրն էր նախատեսված, ու շատ նմանություններ կան, ըստ էության, կրկնօրինակել են այն, ինչ մենք ներկայացրել ենք»,- դժգոհեց Աբրահամյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով միևնույն տարածքում երկու ընկերությունների ներդրումային ծրագրերի մասին, ասում է՝ քննարկումներ են ընթանում, որոշում կա, և առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի, թե որ ներդրումային ծրագիրն է հավանության արժանացել։ Հարցին լուծում տալու համար ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով: «Կար համընկնում, ստեղծվել է հաձնաժողով, ու առաջիկայում ամեն բան կիմանաք։ Բազմաթիվ գործոններ ենք հաշվի առել՝ ներդրումային ծրագրի համատեղելիությունը Կառավարության ծրագրին, կարևոր նշանակություն է ունեցել ֆինանսական ռեսուրսների առկայության ապացույցը և այլն»,- ասաց նախարարը։