Հայաստանի գրախանութներից 2021-ին ավելի շատ են գիրք գնել, քան 2020-ին. տվյալներն են փաստում: Գրքերի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 30 տոկոսով: Քովիդից ու պատերազմից հետո գրահրատարակչության ոլորտը ոտքի է կանգնում. «Բուկինստ»-ը միայն այս տարի 6 նոր գրախանութ է բացել Երևանում ու մարզերում:
Խաչիկ Վարդանյան («Բուկինիստ» գրախանութների ցանցի հիմնադիր-տնօրեն) - 2018-19 թվականներին մենք ունեցանք այդ բումը՝ գրքային բումը, և 2020 թվականին եղավ այդ համաշխարհային աղետը՝ Քովիդը: Մենք շատ կորցրինք, ոչ միայն մենք, ամբողջ աշխարհը կորցրեց, կորցրինք անդառնալիորեն, դա երբեք էլ հետ չի գա: 2021 թվականին ավելի լավ են ցուցանիշները, մոտավորապես հասել են 2019 թվականի ցուցանիշներին:
«Զանգակ» հրատարակչությունը 2020-ին էլ մեծ թվով մանկական ու գեղարվեստական գրքեր է տպագրել, վստահ չլինելով՝ կկարողանա՞ն ժամանակին իրացնել: Ընկերության տնօրենն ասում է՝ Քովիդի ու պատերազմի ամբողջ ընթացքում լավատեսությունը չեն կորցրել, 2021-ի համար նոր պայմանագրեր, թարգմանություններ են նախաձեռնել.
Էմին Մկրտչյան («Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն) - 2020 թվականը շատ անկանխատեսելի էր մեզ համար և հարվածներն այնքան շատ էին, որ մենք անընդհատ վերափոխում էինք պլանները, ավելի զգուշությամբ, ավելի ուշադիր, ավելի ռացիոնալ ընտրություն կատարելով և հետևելով նաև ընթերցողների պահանջարկին և նախասիրություններին:
Իսկ ընթերցողի պահանջներն արդեն փոխվել են: Գեղարվեստական գրականությանն այժմ փոխարինելու են եկել մոտիվացիոն, անձնական աճը խթանող թարգմանական գրքերն ու ուսումնական ձեռնարկները: Էմին Մկրտչյանը նաև նկատում է՝ Քովիդից հետո գրախանութներում ընթերցողները սկսել են ավելի շատ հարցնել նաև մասնագիտական գրականություն, ընդ որում՝ թարգմանական, ինչի կարիքը, հրատարակչի խոսքով, հայկական գրաշուկան ունի:
Էմին Մկրտչյան - Այս տարի մենք 20 տոկոս աճ ենք գրանցում զուտ գեղարվեստական և մոտիվացիոն գրականության վաճառքների իմաստով: Այսօր ավելի միտում կա նաև ավելի խոր մասնագիտական գրականության միջոցով ավելի պրոֆեսիոնալ գիտելիքներ ստանալ և ավելի լավ մասնագիտական հմտություններ ձեռք բերել:
Հայաստանի ամենատարեց գրախանութի երկարամյա տնօրենը գրքի վաճառքի ցուցանիշները ջնջում, ավելի լավ բաների մասին է նախընտրում խոսել: Հայաստանում տպագրված գրականության ծավալը 25 տոկոսով աճել է նախորդ տարիների համեմատ: Եթե առաջ գրախանութներում գրքերի 70 տոկոսը ռուսերեն էր, հիմա այն նվազել է. հայկականն է գերակշռում: Բոլոր ժամանակներում ամենապահանջվածը մանկական գրականությունն է, ասում է «Բուկինիստի» հիմնադիրը:
Խաչիկ Վարդանյան - Շատ բան ունենք, ընթերցողը չի հասցնում կարդալ: Օրինակ՝ մանկական գիրքը մեր 9 ամսվա տվյալներով կազմում է մեր ամբողջ շրջանառության 25.9 տոկոսը, մոտ 26 տոկոսը մանկական գիրք է: Եթե հաշվի առնենք, որ կա նաև գեղարվեստական գրականություն, որը մի քիչ հետ է մնում, բայց աճել է պահանջարկը. մոտ 24 տոկոս է կազմում:
Անկախությունից հետո Հայաստանում ամենաշատ՝ 10 000 օրինակով գիրք վաճառվել է վերջին 1.5 տարում, այն դեպքում, երբ մեկ գրքի միջին տպաքանակը մեր երկրում 500-ն է: «Բուկինիստը» Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գրքի երրորդ տպաքանակն է պատվիրել: Եվս 5000 օրինակ լույս կտեսնի մոտ օրերս ու ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում: Ինչու. որովհետև Չինաստանում, Սլովակիայում և Ռուսաստանում մեծ տպաքանակով գիրք տպագրելն ու տեղափոխելն ավելի մատչելի է: