Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը լինելու է զտված, հայրենիքին ու հայրենասիրությանը միտված մոտիվներով, ազգային տարրերով ու սիմֆոնիկ երաժշտությամբ՝ վստահեցնում է միջոցառման կազմակերպիչը: Որպես վերջաբան էլ օդում բազմաթիվ թռչող սարքերի միջոցով, լուսային էֆեկտներով կներկայացվի Հայաստանի պատմությունը, խորհրդանիշները:
Աշոտ Առաքելյան, «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, Անկախության 30-ամյակի միջոցառման կազմակերպիչ - Միջոցառման ավարտին կլինի բացառիկ լուսային պատկերներով մի հատված, որն իմ կարծիքով՝ կլինի մոտակա 5 տարիների Հայաստանը ներկայացնող ցանկացած հոլովակի այցեքարտային կադր, որովհետև իր մեջ ներգրավված են միայն հայկականն ու ազգայինը:
21-րդ դարի տեխնոլոգիաներով միջոցառման ավարտն ապահովելը դժվար էր, բայց համառության շնորհիվ հաջողվեց իրագործել՝ պատմում է Աշոտ Առաքելյանը, հավելում է, քանի որ միջոցառումը դիտելու են ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրից դուրս, տվյալ համարի ներգրավումը սկզբունքային էր՝ Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար:
Աշոտ Առաքելյան - Կարծում եմ, որ ավելի լավ է մարդիկ գան ու տեսնեն, քան մենք ասենք, թե ինչ է լինելու, նոր գան տեսնեն: Ինձ թվում է այսքանը, ինչ որ ասեցի, բավարար է: Պատկերների չափսը, կարող եմ ասել, մոտավորապես 6 ֆուտբոլի դաշտի ծավալով է, չեմ ուզում թիվ ասեմ, որովհետև շատ ինտրիգային է:
Կազմակերպիչը թիվ այդպես էլ չասաց, բայց վստահեցրեց՝ պատկերներն այնքան մեծ են, որ կերևան Երևանի բոլոր հատվածներից:
Աշոտ Առաքելյան - Միջոցառումն ունենալու է հստակ գիծ, որը «Հայրենիքիս հետ» գաղափարն է, այսինքն ցանկացած ներկայացման մեջ, ցանկացած պատկերի մեջ մարդ իրեն զգալու է հայրենիքի հետ և հասկանալու է, որ ևս մի անգամ պետք է իր մեջ արթնանա հպարտությունը, որ ինքը հայ է, որ ինքն ունի անկախ հանրապետություն:
Պրոդյուսերը հիշեցնում է, որ միջոցառումը կազմակերպվում է բացառապես մասնավոր ընկերությունների, անհատների ու այլ հովանավորների միջոցներով, պետբյուջեից հատկացում չկա: Աշոտ Առաքելյանը նշում է՝ միջոցառումը նաև կրթական կոմպոնենտներ ունի, հորդորում, հրապարակ միայնակ գնալու փոխարեն ընտանիքներով գալ: