Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Երևանում հայտարարել է՝ եռակողմ ձևաչափով բանակցությունների ընթացքում չի քննարկվում Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի ստեղծման հարց: Նման հայտարարություն հերթական անգամ արել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա որոշ մանրամասներ է ներկայացրել ճանապարհների հնարավոր բացման վերաբերյալ:
Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ կառավարության նախագահի տեղակալ) - Մենք չենք քննարկում «միջանցքի» հարց: Մենք քննարկում ենք տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Հիմա մենք կարծիքների փոխանակման փուլում ենք: Տրամադրվածությունը դրական է:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Տարածաշրջանում ենթակառուցվածքների մասով. ես ուզում եմ ասել, որ երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետև այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել ու գործել են: Այդ իմաստով այդտեղ տեխնիկական լուծումներն ավելի տեսանելի են: Ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների վրա՝ սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու վրա: Ճանապարհների մասով դեռևս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումներ հարցը: