2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների ցանկում ամենացածր գնաճ արձանագրած երկրորդ երկիրն է:
Տվյալները հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքում գնաճը 6.5 տոկոս է:
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ղրղզստանում՝ 11.7 տոկոս, այնուհետև Բելառուսում՝ 9 տոկոս:
Ղազախստանում գնաճը 7.6 է, Հայաստանում 6.4, իսկ ԵԱՏՄ-ում ամենացածր ցուցանիշը այս տարի գրանցվել է Ռուսաստանում՝ 6 տոկոս:
Արտակ Մանուկյան (Տնտեսագետ) - Իհարկե, ԵԱՏՄ շրջանակներում կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գնաճի զսպման քաղաքականությունը որոշակիորեն արդյունավետ է: Տարածաշրջանում, եթե խոսենք. էլ ավելի էս պնդումը կարելի է ամրապնդել, երբ որ մենք նկատում ենք, որ հատկապես հունվար-օգոստոսին գրեթե նույն սպառման կառուցվածքն ունեցող և համադրելի երկիր Վրաստանում 12.8 տոկոս գնաճ է գրանցվել:
Հայաստանը մեծապես ներմուծող երկիր է, ինչը իր ազդեցությունն ունի գնաճի վրա: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հունվար-օգոստոսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 9.3 տոկոս:
Արտակ Մանուկյան - Ակնհայտ է, որ բարձր գնաճային ֆոնը պահպանվելու է, քանի որ դա որոշակիորեն պայմանավորված է նաև համախառն առաջարկի գործոններով: Բայց որոշակի կայունացում է ակնկալվում՝ պայմանավորված Քովիդի դեմ պայքարի արդյունավետությամբ և այլն:
Ըստ Արտակ Մանուկյանի՝ սեզոնային ապրանքների առումով Հայաստանում գները համադրելի են այլ երկրների գների հետ, կան ապրանքներ, որտեղ մրցակցության պայմաններում դրական ազդեցություն լինում է. այս առումով կարևոր դերակատարություն ունի նաև փոխարժեքը, որը նույնպես կարող է որոշակիորեն ազդել գների վրա:
Արտակ Մանուկյան - Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է մրցակցության որոշակի բարձր աստիճան և դրանով է նաև պայմանավորված, որ էն ապրանքները, որոնք այլ երկրներում ավելի մեծ չափով են ազդում, այստեղ համեմատաբար ավելի նվազ չափով են ազդում:
Գնաճն ավելի արագ տեմպերով է աճում, քան աշխատավարձը: Տնտեսագետների կարծիքով՝ դա հատկապես ազդում է սոցիալապես խոցելի խմբերի վրա և այդ ուղղությամբ որոշակի քայլեր են արվում:
Արտակ Մանուկյան - Որպես կանոն այդ քայլերից են ինդեքսավորումները, ավելի առաջանցիկ տեմպով այս խավին աջակցության մեխանիզմները: Որոշ քայլեր արդեն իսկ իրականացվում են՝ նպաստառուներ, դրանց շահառուների թվաքանակի ընդլայնում և այլն, բայց բազային մոտեցումների մասով վերանայումները կարծում եմ ևս տնտեսության զարգացմանը համընթաց մենք ականատես կլինենք:
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրներում սննդամթերքը թանկացել է 8.2, ոչ պարենային ապրանքները՝ 6.7, իսկ վճարովի ծառայությունները 3.8 տոկոսով: