Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկների հետ շարունակում է հասարակական տրանսպորտում ստուգել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Տեսչականն արձանագրում է՝ մայրաքաղաքում երթևեկությունը գերբեռնված է, ուղևորներից շատերն էլ շարունակում են առանց դիմակի երթևեկել: Կենտրոն վարչական շրջանում այսօր 15 նախազգուշական արձանագրություն են կազմել:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Արդեն 30-րդ օրն է՝ մենք իրականացնում ենք համապատասխան մշտադիտարկումները, վերահսկողական գործառույթները: 1900 տրանսպորտային միջոց ենք մշտադիտարկել միայն Երևան քաղաքի ներհամայնքային երթուղիներում, 190 արձանագրություն է կազմվել: Ժամանակն արդեն եկել է խիստ պատասխանատվության միջոցներ կիրառենք:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային բաժնի մասնագետ) - Այժմ նաև իրականացնում ենք ստուգայցեր երեկոյան ժամերի, արդեն աշխատանքից տուն գնալու ժամերին՝ հասկանալու համար՝ ի՛նչ է կատարվում: Իրավիճակը, կարող եմ ասել, այնքան էլ լավ չէ, փոքր-ինչ մտահոգիչ է. քաղաքացիների շրջանում դիմակ կրելու խնդիր ունենք, վարորդներն արդեն զգոն են դարձել: