Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները կունենան համատեղ բյուջե՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով: «Ռոսիա-1» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Նա ընդգծել է, որ սա նոր նախաձեռնություն է: «Մենք պարզ բանավոր համակարգումից անցում ենք կատարում ավելի լուրջ ինտեգրման»,- հայտարարել է Բորիսովը:
*****
Ադրբեջանում շարունակվում են ականանետային ստորաբաժանումների մարտական ակտիվ զորավարժությունները՝ ռազմական պատրաստվածության 2021 թվականի պլանի համաձայն: Նախատեսված ժամանակի մեջ զինծառայողները պետք է ականանետերը բերեն մարտական պատրաստության և ճշգրիտ հարվածներով ոչնչացնեն թիրախները։ Երեկ ավարտվել էր Թուրքիայում ընթացող օդուժի համատեղ զորավարժությունը:
*****
Ադրբեջանը մեզ համար ոչ միայն հարևան է, այլև ռազմավարական գործընկեր՝ Մառնեուլիի շրջանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա մասնակցել է ադրբեջանական SOCAR ընկերության միջոցներով կառուցված մարզական համալիրի բացմանը: Նավթային ընկերությունն այն նվիրել է Վրաստանի կառավարությանը։ Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանում ադրբեջանական հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումների կարևորությունը:
*****
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են փոփոխությունների առաջարկներ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին այս տարվա օրինագծում՝ գրում է «Ամերիկայի ձայնը»: Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությունը Կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներինն է: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: Ներկայացված փոփոխություններից կոնգրեսականներ Ջեքի Սփիեռի, Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալլոնի առաջ քաշած օրինագծերը միտված են արգելափակելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:
*****
Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ՝ այդ թվում կանայք և երեխաներ: Պայթյունները տեղի են ունեցել երկրի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում և մայրաքաղաք Քաբուլում։ «Թալիբան» շարժումը հայտնում է, որ այրվել է նաև խմբավորմանը պատկանող մեքենան: Աֆղանստանում մեկնարկել է նաև ուսումնական տարին՝ առանց աղջիկների և կին ուսուցիչների:
*****
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևաչափ ստեղծելու մասին: Դրանից հետո Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ավստրալիան ավելի վաղ՝ նախքան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ դաշինք կազմելը, խզել էր Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է:
*****
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար: Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը հետևում է եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ուշադրության է արժանացրել թուրք հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալի և Ժողովուրդների դեմոկրատական կուսացության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ վճռի անտեսումը: ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել հասարակական, քաղաքական գործիչներին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ: Պատժամիջոցների հարցը, սակայն, հետաձգվել է եվրոպական դատարանի հաջորդ նիստի օրակարգ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:
*****
Համաշխարհային բանկը դադարեցնում է տարբեր երկրների գործարար մթնոլորտի պայմանների գնահատման Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը: Որոշումը պայմանավորված է անցած տարիներին հաշվետվության կազմման ընթացքում թույլ տրված խախտումներով։ Զեկույցի հրապարակումը դադարեցվել է իրականացված աուդիտից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան 2017 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում, ենթակաների վրա ճնշում գործադրելով, ստիպել է այլ մեթոդներ կիրառել Չինաստանի գնահատականների դեպքում՝ այդկերպ բարելավելով դրանք։ Արդյունքում՝ 2018 թվականին Չինաստանին հաջողվել է պահպանել իր դիրքերը վարկանշային աղյուսակի 78-րդ հորիզոնականում, մինչդեռ իրականում պետք է գահավիժեր յոթ տեղով։