Կենտրոնական բանկը վերանայել է Հայաստանի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումները՝ 4.6-ից դարձնելով 5.4 տոկոս: Կառավարությունն էլ հուլիսին էր վերանայել իր կանխատեսումները՝ տարվա համար որպես նպատակ սահմանելով 6 տոկոս աճ:
Մինչդեռ էկոնոմիկայի նախարարը երկնիշ տնտեսական աճ է ակնկալում: Կարծիքներն այս առումով տարբեր են: Թե որ կանխատեսումն է ամենաիրատեսականը, պարզ կլինի տարեվերջին:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք տարվա կտրվածքով ունենալու ենք 7-9 տոկոս տնտեսական աճ, և, կարծում եմ, որ շատ մոտ կլինի էկոնոմիկայի նախարարության մոտեցումներին, երկնիշին շատ մոտ թիվ կունենանք: Ակնհայտ է դինամիկան, եթե նայենք` իսկապես այդ ուղղությամբ է ընթանում:
Տնտեսագետների գնահատմամբ՝ դեռևս վաղ է ասել, թե տարեկան ինչ արդյունք կարող է արձանագրվել:
Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Այս 7 ամսից հետո է երևալու՝ իրական տնտեսությունն ինչ վիճակում է, այսինքն՝ մենք պիտի արդեն օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը ավելի ճշգրիտ ցուցանիշների ժամանակահատված է, այսպես ասենք, որովհետև կարող է հիմիկվա աճը խաբուսիկ է զուտ այնքանով, որ անցյալ տարի, իրոք, անկումը ահռելի մեծ էր:
Կենտրոնական բանկի վերանայումը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ու գյուղատնտեսության ոլորտի աճով: Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ տարվա կեսին տնտեսությունը վերականգնվել է և այժմ մտել է զարգացման փուլ:
Սերգեյ Բագրատյան - Եթե հետևենք ցուցանիշներին, կտեսնենք, որ արտահանումն է աճում, և այդ երկնիշ թվով արտահանման աճը ապացուցում է այն հանգամանքը, որ այն արգելքները, խոչընդոտները, որ կային հետպատերազմյան սինդրոմի արդյունքում, հաղթահարվում են, և տնտեսվարողները ավելի ակտիվ և ավելի համարձակ են գործում:
Տնտեսության զարգացմանը էականորեն նպաստել է բիզնեսին ազատ թողնելու քաղաքականությունը, որ որդեգրել է Կառավարությունը՝ վստահ է պատգամավորը:
Սերգեյ Բագրատյան - Եթե մենք տոկոսով գնահատենք 75 տոկոսը, հենց դրա արդյունքում է՝ այդ ազատության, ազատ գործելու հնարավորության, ինչպես նաև ճիշտ վարչարարության, ես կասեի՝ արդյունավետ վարչարարության արդյունքում: Այսինքն՝ ոչ թե խեղդող, ճնշող, ոչնչացնող վարչարարության, այլ նպաստող, խորհրդատու վարչարարության արդյունքում բիզնեսը իսկապես ազատ շնչում է:
Դրական ցուցանիշ կարձանագրվի, սակայն շատ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ այս տարի՝ իր հերթին պնդում է տնտեսագետը:
Աշոտ Խուրշուդյան - Հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսության որոշ ճյուղեր, այո՛, ավելի լավ են այս տարի դրսևորել, քան անցյալ տարի: Որոշ ոլորտներ ամբողջությամբ պայմանավորված են անցյալ տարվա անկումով, դա ծառայությունների ոլորտն է, որը մեծ աճ է ապահովել:
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով թիրախային ցուցանիշ է սահմանվել տարեկան 7, իսկ արտաքին բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս տնտեսական աճը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան