Հոլիվուդի Չինական թատրոնի շենքում հայ համայնքին և ամերիկացի հանդիսատեսին ներկայացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող փաստագրական ֆիլմը։ Այն կոչվում է «45 օր պայքար՝ հանուն ազգի»։ Հեղինակը բրիտանացի Էրիկ Գեսսենն է։ Իրաքում և Աֆղանստանում ծառայած նախկին զինվորականն Արցախ է մեկնել պատերազմի առաջին օրերին ու նկարահանել աչքի տեսածը։
Էմիլ Գեսսեն, ֆիլմի հեղինակ - Երբ պատերազմն սկսվեց, ես մեկնեցի լուսաբանելու և այնտեղ ծավալվող պատմությունը բացահայտելու։ Թե ինչո՞ւ մեկնեցի Հայաստան և ոչ Ադրբեջան, որովհետև Հայաստանն ավելի հյուրընկալ էր լրագրողների նկատմամբ։ Այս ֆիլմով ես պատմում եմ՝ ինչպես հայտնվեցի պատերազմական գոտում, հանդիպեցի մարդկանց, արձանագրեցի նրանց պատմությունները պատերազմի օրերին ու դրանից հետո:
Էմիլը պատմում է, որ պատերազմի օրերին ճիշտ ու սխալ լուրերի առատության մեջ փշուր-փշուր հավաքել է այս պատմությունը, որի կիզակետում պատերազմից տուժած մարդիկ են։ Ցանկանում է այն ներկայացնել աշխարհին․ օտարազգի լսարանին պատմել՝ ինչ է տեղի ունեցել 44 օրվա ընթացքում և ավարտից հետո՝ 45-րդ օրը։
Էմիլ Գեսսեն - Սա կարևոր է պատմել ոչ միայն հայ համայնքին, որովհետև նրանք արդեն գիտեն սա։ Ֆիլմն այնպես է նկարահանված, որ ոչ հայերն էլ կարողանան դիտել և լավ հասկանալ այս խնդիրը, որ եթե նման բան կրկին տեղի ունենա, նրանք տեղյակ լինեն Հայաստանի ու այս պատմության մասին։ Սա զգացմունքային իսկական վայրիվերումներ կապահովի հանդիսատեսի համար: Հայերի հետ շփման իմ փորձից հասկացել եմ, որ նրանք շատ տոկուն են։ Կարծում եմ՝ սա կարևոր մեսիջ է պատմելու։
Էմիլ Գեսսեն ասում է, որ երբ Արցախ գնաց, չէր կարող պատկերացնել, որ իր վավերագրությունը մի օր կցուցադրվի Հոլիվուդում։ Նրա խոսքով՝ մինչդեռ սա ամենաճիշտ վայրն է՝ սկսելու ֆիլմի միջազգային պրեմիերան և աշխարհին առաջարկելու դիտել այս նոր՝ իրական պատմությունը։
Ասկո Հակոբյան, ֆիլմի պրոդյուսեր - 11 ամիս է՝ աշխատում ենք ֆիլմի վրա և, հուսով եմ, որ բոլորն էլ կհավանեն։
Հոլիվուդյան կրկնակի օսկարակիր դերասան, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալելոնան առաջիններից մեկն է, որ դիտել է ֆիլմը, տպավորվել ու կարծում է՝ այն պետք է հատկապես ոչ հայ հանդիսատեսին ներկայացնել:
Նիք Վալելոնա, դերասան, սցենարիստ, ռեժիսոր - Հրաշալի, ազդեցիկ ֆիլմ է, որում պատմություն է, որը պետք է անպայման պատմվի ու ներկայացվի աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել։ Արցախյան պատերազմի օրերին աշխարհում շատ բաներ էին տեղի ունենում՝ Քովիդ, ընտրություններ և այլն, և այս պատմությունն անտեսվել էր։ Ընդ որում, դա շարունակվող խնդիր է, և աշխարհը պետք է իմանա այդ ամենի մասին: Խնդրին միջազգային ուշադրություն է անհրաժեշտ: Այս ֆիլմի միջոցով հնարավոր է դա անել: Այս ֆիլմն ինձ այլ պատմություններ է հիշեցնում և հուշում, որ շատ բաներ աշխարհում չեն փոխվել։ Ցավալի է, որ նման պատմությունները դեռևս կրկնվում են:
«45 օր պայքար՝ հանուն ազգի» ֆիլմը Լոս Անջելեսից հետո կցուցադրվի Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, ապա նաև՝ ԱՄՆ-ի արևելյան քաղաքներում, որից հետո կներկայացվի եվրոպացի հանդիսատեսի դատին։
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան