Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։
Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին՝ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում, հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։
«Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ: Հայերն առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»,- ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։
Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրներն աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։
«2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմն սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը: Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»,- ասել է Հայաստանի նախագահը։ -։
Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա: Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որն անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»,- ասել է նախագահը:
Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»: