Ֆրանսիան պետք է մասնակցի արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմանը: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին:
Ֆրանսուա Պուպոնի (Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ) - Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան պետք է ռուսների, ինչու չէ՝ նաև ամերիկացիների կողքին կանգնի՝ ապահովելու արցախցիների ֆիզիկական անվտանգությունը: Եվ այս տեսանկյունից մենք պատասխանատվություն ենք կրում ճնշում գործադրել մեր կառավարությանը, որպեսզի վերջինս վերանայի իր գործելաոճը, գործուն ջանքեր գործադրի Արցախի պաշտպանության հարցում:
44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիան եղել է Արցախի կողքին: Արցախ-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ՝ 44-օրյա ռազմական գործողությունների դադարեցման գործում Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել:
Աշոտ Ղուլյան (Արցախ-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ) - Առանց չափազանցության պետք է արձանագրենք, որ ճակատագրական այդ օրերին ամենատեսանելի ու մասշտաբային միջազգային աջակցությունը մենք զգացել ենք հենց Ֆրանսիայի Հանրապետության մեր բարեկամներից, շրջանակի անդամ խորհրդարանականների և քույր քաղաքների վարչական ղեկավարության պատասխանատուների կողմից:
Արցախի ֆրանսիացի բարեկամները ցավով են փաստում, որ քույր քաղաքներից Շուշին և Հադրութը, Մարտունու շրջանի Շեխեր գյուղն ադրբեջանական օկուպացիայի տակ են: Հաջող գործակցությունը լավ հիմք է խորհրդարանական դիվանագիտության համար, կարծում է շրջանակի նախկին նախագահ Ռենե Ռուքեն:
Ռենե Ռուքե (Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին նախագահ) - Ուզում եմ մեր հավատարմությունն ու աջակցությունը հայտնել ձեզ: Մենք մարդիկ ենք, ովքեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով կարող են նպաստել Արցախի պատվիրակությունների այցը Ֆրանսիա: Կարծում եմ, որ բացատրական աշխատանքը պետք է շարունակել, որովհետև միշտ չէ Արցախի ձայնը լսելի բոլորին:
Ֆրանսիա-Արցախ Արցախ-Ֆրանսիա բարեկամության խմբերը Ստեփանակերտում մասնակցել են Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Ի դեպ, սա Արցախում առաջին պետական մակարդակով օտարերկրյա ներդրումն է: Համախմբելով ֆրանկոֆոններին՝ կենտրոնը կլինի քաղաքի զարգացմանը նպաստող կրթական, առևտրային և նորարարությունների հարթակ:
Ֆրանսուա Ռոշբլուան (Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր-նախագահ) - Խորին շնորհակալություն Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներին, նահանգներին ու շրջաններին, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին՝ ցուցաբերած օժանդակության համար: Վստահ եմ, որ ապագայում նույնպես կշարունակեն աջակցել՝ հնարավորություն տալով արցախցիներին ֆրանսերեն սովորել և օգտվել մասնագիտական լրացուցիչ վերապատրաստման ծրագրերից. առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի նորաբաց կենտրոնն առանձնահատուկ դեր է ունենալու Արցախում ֆրանսերենի զարգացման համար: Ֆրանկոֆոնիայի կենտրոնը 7 տարվա պատմություն ունի: Պատասխանատուները վստահեցնում են՝ շենքային նոր պայմանները միայն կնպաստեն ֆրանսերենի զարգացմանն ու տարածմանը Արցախում: