Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահը՝ անդրադառնալով Արցախից Հայաստան ուղևորվող ավտոբուսն ադրբեջանցի ծառայողների կողմից կանգնեցնելու միջադեպին:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նման մանր գործողությունները միտված են մարդկանց նյարդայնացնելու, հույզերի վրա ազդելու, ինչը չի ստացվելու:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Անկախության օրվա առթիվ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը:
«Դա եղել է իմ որոշումը: Անկախության 30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները։ Լսել եմ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա՝ բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։
Որոշումը սակարկելը տեղին չէ, քանի որ ցանկության դեպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։ Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։
Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը: