«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազություն:
Ըստ մեղադրանքի՝ Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով նույն մարզի առնվազն 147 ընտրողների կաշառք տալու վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի` հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Խլղաթյանն ուղևորվել է Պետրոսյանի առանձնատուն՝ տանելու 9 միլիոն դրամ ընտրակաշառքը:
Գեղամ Մարգարյան (ՀՔԾ քննիչ) - Տվյալ անձի առանձնատուն մտնելուց ընդամենը 3-4 րոպե անց ոստիկանության ծառայողները, ովքեր ունեցել են օպերատիվ տվյալ ընտրողներին կաշառք տալու վերաբերյալ, մուտք են գործել նշված բնակարան, ինչի արդյունքում գումարի փոխանցումը հնարավոր չի եղել, այսինքն՝ հանցագործությունը նշված անձինք ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ իրականացված միջոցառման արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բռնվել և բերման են ենթարկվել, իսկ 9 միլիոն դրամ գումարը հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ, առանձնատան բակում, որտեղ նետվել էր ոստիկանության ծառայողների` առանձնատուն մուտք գործելու պահին:
Քննիչի խոսքով՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները վկայում են, որ գումարը նետել է Ռուբեն Խլղաթյանը:
Գեղամ Մարգարյան - Որովհետև գումարով տոպրակը նետվելուց անմիջապես հետո տեղում իրականացված օպերատիվ տեսանկարահանման տեսագրություններից, ինչպես նաև գործով ձեռք բերված այլ ապացույցներից ակնհայտ է, որ այն հատվածը, որտեղից նետվել է այդ գումարը տոպրակով հանդերձ, կանգնած է եղել միայն Ռուբեն Խլղաթյանը, ում և բռնել են:
Արմավիրի նախկին քաղաքապետի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշում է՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, քանի որ նման հանցագործություն չի կատարել:
Արսեն Սարդարյան (Ռուբեն Խլղաթյանի պաշտպան) - Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ծանոթանալով գործի նյութերին՝ տեսնում ենք, որ որևէ թույլատրելի ապացույցով այդ մեղադրանքը ամրապնդված չէ, այսինքն՝ զուտ ենթադրությունների, միակողմանի դատողությունների արդյունք է:
Սարդարյանի խոսքով՝ գործում երկու անթույլատրելի ապացույց է դրվել. մեկը Ռուբեն Խլղաթյանի և Գագիկ Պետրոսյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության վերծանումն է, մյուսը՝ Պետրոսյանի բնակարան, պաշտպանի որակմամբ, ապօրինի մուտք գործելու եղանակով հայտնաբերած դրամը:
Արսեն Սարդարյան - Որևէ այլ հիմք մեղադրանքը չունի, բայց այս երկու հիմքերը նույնպես անթույլատրելի են, իրենք դատավարական առումով չեն կարող գոյություն ունենալ:
Պաշտպանը Ռուբեն Խլղաթյանի կողմից գումարը նետելու վերաբերյալ տվյալ չունի, քանի որ պաշտպանյալը գործի վերաբերյալ ցուցմունք չի տալիս:
Արսեն Սարդարյան - Եթե նույնիսկ ենթադրենք, որ պարոն Խլղաթյանինն էր, և այդպիսի ինչ-որ իրավիճակ է առաջացել, որ այդ գումարը եղել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա, արդյոք այս տվյալը ինքնին բավարա՞ր է, որ անձին մեղադրանք առաջադրվի նման ծանր հանցագործության մեջ, հաղթահարվի նրա անմեղության կանխավարկածը, և գործը գնա դատարան:
Ռուբեն Խլղաթյանն ու գործով մյուս մեղադրյալը կալանավորված են:
Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել 75 անձի: Սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ քրեական գործերից 13-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Մեղադրյալներից 8-ը ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների և երկու կուսակցության՝ ԲՀԿ-ի և «Վերելքի» պատգամավորի թեկնածուներ են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան