Վլադիմիր Այրապետյանի հուշերում թարմ են Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ համաշխարհային համբավ ունեցող Բյուրականի աստղադիտարանում աշխատելու տարիները։ 30-40 տարի առաջ Արագածի լանջերին գյուտեր ենք արել, որոնց նոր է հասնում համաշխարհային գիտությունը՝ զինված գերժամանակակից տեխնիկական միջոցներով, պատմում է Այրապետյանը։
Վլադիմիր Այրապետյան (ՆԱՍԱ-ի գիտական խմբի ղեկավար) - Երբ եկա ԱՄՆ, շատերն իմանում էին Բյուրականի աստղադիտարանի և Համբարձումյանի մասին, քանի որ աստղադիտարանն արել է շատ ֆունդամենտալ գործ։
Աշխարհի տարբեր երկրների գիտնական հայերը Երևանի «Կոզիրյոկ» հայտնի սրճարանի անունով առցանց մի խումբ են ձևավորել, որտեղ հավաքվում են՝ քննարկելու, թե ինչ կարող են անել Հայաստանի համար։
Վլադիմիր Այրապետյան - Մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, քիմիայի ոլորտներից գիտնականներ կան, որոնց հետ քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի գիտությանն աջակցելու համար։ Այսօր, օրինակ՝ ուսումնասիրում էինք, թե ինչպես կարող են ժամանակ տրամադրել (անհատույց իհարկե)՝ Հայաստանի մասնագետներին առցանց խորհրդատվություն տրամադրելու համար։ Մի քանի օրից կմասնակցենք աստղագետների միջազգային հավաքին, որը կազմակերպում են Բյուրականի գործընկերները։ Ես այս հավաքի կազմկոմիտեում եմ: Զեկուցումով հանդես կգա նաև ՆԱՍԱ-ի գլխավոր գիտնական Ջիմ Գրինը։
Զավեն Արզումանյան (ՆԱՍԱ-ի գիտական խմբի ղեկավար) - Ես Զավեն Արզումանյանն եմ, Մոնթրեալ ծնած...
Զավենը Կանադայից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել ու երկու տասնամյակ աշխատում է ՆԱՍԱ-ում։ Նա նույնպես առցանց կմասնակցի Հայաստանում մեկնարկող գիտաժողովին։ Տեխնիկապես երևում է, որ Հայաստանը հետ է մնացել, բայց տեսական և գիտական մասով լուրջ մասնագետներ ունենք, ասում է գիտնականը։
ՆԱՍԱ-ի ևս մեկ աշխատակից Վիգեն Տեր-Մինասյանին հանդիպելու համար ուղևորվեցի Արևմտյան Վիրջինիայի հեռավոր բնակավայրերից մեկը։ Այստեղից հարմար է աստղերին նայել, ասում է մեր հայրենակիցը։
Վիգեն Տեր-Մինասյան (ՆԱՍԱ-ի աշխատակից, գիտնական) - Ներառված եմ եղել ՆԱՍԱ-ի տարբեր աստղադիտակների պատրաստման նախագծերում, օրինակ՝ Հաբլի կամ Ջեյմս Վեբ գերժամանակակից աստղադիտակի, որը ՆԱՍԱ-ն տիեզերք կուղարկի դեկտեմբերին։ Ինձ համար էլ փոքր աստղադիտակ գնեցի։
Վիգեն Տեր-Մինասյանն Առաջին հանրապետության ռազմական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի շառավիղներից է։ Մի անգամ ՆԱՍԱ-ն սարք էր ուղարկել Լուսին, որն այնտեղ ջրի հետքեր պետք է փնտրեր։ Մեր հայրենակիցը պատմում է, որ ինքն էլ սարքի վրա գրել է իր անուն, ազգանունը:
Վիգեն Տեր-Մինասյան - Մյուս անգամ որ Լուսնի վրա լինեք, փնտրեք այս սարքը: