Արդեն 1.5 ամիս է, ինչ տեսչական մարմինները վերսկսել են ուժեղացված ծառայությունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոշորացույցի տակ այսօր Շենգավիթ վարչական շրջանն էր:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ) - Մատյանները նորմալ լրացնում են, ջերմաչափումը նորմալ իրականացնում են, խախտումներ չունենք:
Աշխատակիցների ու գնորդների՝ դիմակով լինելը, սոցիալական հեռավորության պահպանումն ու խանութներում ախտահանիչների առկայությունը ևս համավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներից են:
Հովհաննես Հովհաննիսյան (ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ) - Բոլոր բաժիններում ալկոգել կար, մուտքի մոտ կար, նորմալ էր:
Ուժեղացված հսկողության ընթացքում ՍԱՏՄ տեսուչները 270 ստուգայց են իրականացրել, կազմել 19 արձանագրություն, 1 տնտեսվարող սուբյեկտի էլ՝ տուգանել:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ) - Եթե հաճախորդները չեն կրում դիմակ, պատասխանատվությունը տնտեսվարող սուբյեկտի վրա է:
Տուգանված տնտեսվարողը արդեն իսկ արձանագրված խախտումը 1 տարվա ընթացքում կրկնել էր: Այսօր ո՛չ նոր խախտումներ արձանագրվեցին, ո՛չ էլ՝ կրկնախախտումներ:
Հասմիկ Մատինյան (առևտրի կենտրոնի տնօրեն) - Արդեն հաճախորդներն էլ են սովորել, իրենք գիտեն՝ դիմակ է պետք կրել: Բացառություններ լինում են, առանց դիմակի հաճախորդները չեն սպասարկվում:
Նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ խախտումները նվազել են՝ նշում են տեսուչներն ու հավելում՝ նույնն է մնացել ամենից հաճախ հանդիպող խախտումը:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ) - Խախտումները հիմնականում՝ դիմակների չկրում հաճախորդների կողմից և աշխատողների կողմից ոչ պատշաճ դիմակների կրում, որ քիթը բաց են կրում, դրա համար կազմվում են արձանագրություններ:
Առաջին անգամ խախտում արձանագրելու դեպքում նախազգուշացնում են կամ տուգանում 100-300 հազար դրամի չափով, իսկ 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 150-500 հազար դրամի: