ՍԵԴԵՐՖԵԼԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾԱԿՑԵԼ ԵԱՀԿ-Ի ՀԵՏ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում իր առաջին ուղերձում շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելդը, անդրադառնալով հակամարտության գոտիներում իրավիճակին, կոչ է արել ավելի շատ գործակցել ԵԱՀԿ-ի հետ:
Նա առանձին անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հարցին ու նշել. չնայած Լեռնային Ղարաբաղում հրադադարին՝ դեռ շատ բան է պետք անել երկարատև խաղաղություն երաշխավորելու համար, որպեսզի հաջողվի մեղմել խաղաղ բնակիչների տառապանքները:
Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների հետ մեր հաջող գործակցությունը հաշվի առնելով՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է նպաստել միջխորհրդարանկան երկխոսությանը՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ նշել է Սեդերֆելդը:
ՌԴ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանում մեկնարկել է 8-րդ գումարման խորհրդարանի ընտրությունը: Այս տարի, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, այն կանցկացվի երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը, ընտրատեղամասերը բաց են լինելու ամեն օր: Առաջին անգամ խորհրդարանի ընտրությունը կանցկացվի նաև էլէկտրոնային տարբերակով:
Ռադայի ընտրությունը կանցկացվի մեկ փուլով՝ խառը ընտրակարգով: Մասնակցում է 14 կուսակցություն: Որոշ թեկնածուների, այդ թվում Ալեքսեյ Նավալնիի համախոհներին, չի թույլատրվել առաջադրվել՝ համաձայն Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի, որն արգելում է առաջադրվել ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հետ առնչություն ունեցող անձանց:
1993-ից ի վեր առաջին անգամ ընտրություններին ներկա չեն լինի նաև ԵԱՀԿ դիտորդներ: Համավարակով պայմանավորված՝ կառույցին առաջարկվել էր 500 դիտորդի փոխարեն ուղարկել 60 դիտորդի, ԺՀՄԻԳ-ը մերժել է առաջարկը:
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ «ԿԱՆԱՉ ԱՆՁՆԱԳԻՐ»
Իտալիայում բոլոր պետական ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները հոկտեմբերի 15-ից պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու, բացասական թեստի կամ էլ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկանք ներկայացնել, այլապես իրենց հաշվին արձակուրդ են մեկնելու։ Այս մասին ասված է Իտալիայի կառավարության ընդունած որոշման մեջ։
Իտալիան Եվրոպայի առաջին պետությունն է, որ նման խիստ նորմ է սահմանում։
«Կանաչ անձնագրեր» պարտավոր են ներկայացնել բոլոր աշխատող անձինք:
Հոկտեմբերի կեսից մոտ 23 միլիոն մարդ պետք է ներկայացնի պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի բացասական թեստ:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՈՒԹ ԶԻՆՅԱԼ
Սիրիայի հյուսիսում սեպտեմբերի 16-ին թուրքական ԶՈՒ կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է «Քրդստանի բանվորական կուսակցության» 8 զինյալ՝ հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալներից 4-ը զոհվել են թուրքական զինված ուժերի կողմից PKK-ի դեմ իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության գոտում, իսկ մյուս 4-ը՝ «Ձիթենու ճյուղ» գործողության գոտում: