Մոնոպոլիաները ջարդել են՝ պնդում են մրցակցության պաշտպաններն ու հանձնաժողովի 20-ամյա աշխատանքի արդյունքներից առաջինը հենց դա մատնացույց անում։ Շուկայի մնացած վայրիվերումներն ընթացիկ խնդիրներ են՝ ասում են։ Սպառողի վերջին դժգոհություններից շաքարավազի թանկացումն ու որոշ խանութներում դրա դեֆիցիտը, Գեղամ Գևորգյանը պնդում է, բիզնեսի քմահաճույք չէ։
Գեղամ Գևորգյան, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ - Ինչ վերաբերում է շաքարի սահմանափակ քանակին, նշանակում է՝ քիչ ունեն։ Գինը բարձր էր, մի քիչ քվոտայով բաց թողեցին՝ իջավ որոշակի։ Ամբողջ ԵԱՏՄ շուկայում շաքարի խնդիրը կա:
ԵԱՏՄ-ից է մեր շուկա փոխանցվել նաև վարորդներին ամռանից նյարդայնացնող հեղուկ գազի պակասի խնդիրը։ Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության՝ մոնոպոլ խաղացող այստեղ նույնպես չկա։
Հակամոնոպոլ կառույցի մասնագետներն այժմ վերլուծում են թթվասեր-կաթնամթերքի, նաև մսամթերքի, միաժամանակ ավանդաբար դիտարկվող բենզինի ու շարք այլ ապրանքների շուկաներ՝ հոբելյանական իրենց միջոցառմանը՝ պաշտոնատար հյուրերին ու սպառողներին տեղեկացնում են հանձնաժողովից։ Ի՞նչ խախտումներ կբացահայտի խաղողի մթերման այս տարվա մոնիթորինգը, ավելի ուշ կհրապարակեն։ Նախորդ սեզոնին վերամշակողներն ուռճացրել էին գյուղացուց գնած խաղողի ծավալը՝ գործարանների անուն չտալով հայտարարում է Գևորգյանը։
Ի դեպ, խաղողի մթերման գործընթացքում մրցակցության պաշտպանները նաև այգետերերի բողոք-հայտարարություններին չեն հավատում, թե բերքն աճեցնել-պարարտացնել-ջրելու ինքնարժեքը կիլոգրամի հաշվով կազմում է 110 դրամ։
Գեղամ Գևորգյան - Միջինում 90 դրամ է գալիս ինքնարժեքը: Այո՛, մեր հաշվարկները դա ցույց են տալիս։
Խաղողի մթերման արժեքը բոլոր ապրանքների պես պետք է շուկան որոշի՝ կախված, թե գինի-կոնյակը որքան թանկ է հնարավոր լինում վաճառել։ Տնտեսվարողներն սկսել են ավելի քիչ խախտումներ թույլ տալ, հակամրցակցային համաձայնության ու գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքներն ավելի քիչ վիճարկել դատարաններում՝ 20-ամյակի միջոցառմանը դահլիճից ու հեռավար շնորհավորանք փոխանցող գործընկերներին պատմեցին հանձնաժողովից։
Առաջիկա մարտահրավերներից առանձնացրին դեղերի ու թվայնացման շուկաների կարգավորումը․ այստեղ ասացին՝ ոչ միայն ներքին գործարար-մրցակցության, այլև՝ արտադրող ֆիրմաների ճնշումների խնդիր է առաջ գալիս։ Աշխարհը փոխվել է։